Քոչարյան․ Մնալ, պայքարել և աշխատել երկրի համար

Քոչարյան․ Մնալ, պայքարել և աշխատել երկրի համար

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, երեք հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, ասել է, որ ընտրություններով չեն վերացվել այն պատճառները, որոնք բերել են ներքաղաքական ճգնաժամի: Նա նշել է՝ այն, ինչ կատարվել է 2020-ի հոկտեմբեր-նոյեմբերին, այս քաղաքական թիմին միշտ հետապնդելու է։

Անդրադառնալով հասարակության որոշ մասի մոտ արտագաղթելու տրամադրություններին՝ Քոչարյանն ասել է, որ եթե բոլոր կարող մարդիկ այս վիճակից ելնելով պլանավորեն երկիրը լքել, ապա երբեք հրապուրիչ երկիր չենք ունենա։

«Պետք է պայքարենք, կառուցենք այնպիսի երկիր, որտեղ և ապրելու ցանկություն ենք ունենալու, և որով հպարտանալու ենք։ Այսօր, ցավոք, հպարտանալու առանձնապես բան չկա, բայց մեր ձեռքում է։ Մնալ, պայքարել և աշխատել մեր երկրի համար»,- ասել է նա։

Խոսելով ԱԺ մանդատից հրաժարվելու մասին՝ Քոչարյանն ասել է, որ իրեն երբեք չի համարել օրենսդիրի մարդ և, թեկուզ մանդատը վերցնելով որոշակի անձեռնմխելիություն կստանար, համարել է դա երկրորդական և կարծում է, որ ճիշտ որոշում է կայացրել։

Նա նշել է, որ ընտրություններից հետո մարդկանց հետ հանդիպումներում իրեն հորդորել են չվերցնել մանդատը։

«Եթե 10-ից 9-ն այդպես են արտահայտվում, հասկանում ես, որ քո մտացածը համընկնում է քո քաղաքական թիմի ճնշող մեծամասնության կարծիքի հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ սա պետք էր հաշվի առնել, և ինքն արել է դա։

«Ես դուրս չեմ գալիս «Հայաստան» դաշինքից, մնում եմ այդ դաշիքնի առաջնորդ»,-ասել է նա՝ հավելելով, որ թիմը պետք է գնա խորհրդարան և աշխատի որպես խորհրդարանական երկրորդ խմբակցություն։

Նա նշել է, որ «Հայաստան» դաշինքը բավական լուրջ գործիքակազմ է ձեռք բերելու քաղաքական պայքարի համար, թեև որոշակի ժամանակ կպահանջվի ամբողջությամբ մարզավիճակի մեջ մտնելու համար։

Քոչարյանը հարցազրույցը տվել է «Երկիր Մեդիա», «5-րդ ալիք», «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերություններին։

«Հայաստան» դաշինքը 29 մանդատ ունի և երկրորդ խմբակցությունը կլինի ԱԺ-ում։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---