Խաչատուր Սուքիասյանի եղբայրը կալանավորվել է Ամիրյանում կրակոցների գործով

Խաչատուր Սուքիասյանի եղբայրը կալանավորվել է Ամիրյանում կրակոցների գործով

PanARMENIAN.Net - Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, որոշում է կայացրել կալանավորել գործարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին։ Այդ մասին հայտնել է Սուքիասյանի փաստաբան Գոռ Միքայելյանը, գրում է Aysor.am-ը։

Հուլիսի 18-ին Ամիրյան փողոցում կրակոցներ էին հնչել, ինչից հետո «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության էր դիմել 1979թ. ծնված ԱՄՆ մի քաղաքացի՝ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով։ Ըստ քննչական կոմիտեի՝ պարզվել են տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևանի բնակիչ Ռոբերտ Սուքիասյանն է։

Փաստաբանն ասել է, որ որոշումն անպայման բողոքարկելու են։

Միքայելյանը նշել է նաև, որ իր պաշտպանյալն ընդունում է իր կատարած արարքները, սակայն առաջադրված մեղադրանքը՝ ոչ։

Քննչական կոմիտեի ավելի վաղ տարածված հաղորդագրության մեջ ասվում էր․ «Ռոբերտ Սուքիասյանը, երթևեկության ընթացքում իր ծանոթի կնոջը Նարեկ Կարապետյանի կողմից ձայնային ազդանշան տալու և վիրավորանքներ հասցնելու շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, 2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, Ամիրյան փողոցում վերոնշյալ ծանոթի և մի խումբ անձանց հետ վիճաբանել է Կարապետյանի և նրա ընկերոջ հետ, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ նշված անձինք հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց:

Այդ ընթացքում Ռոբերտ Սուքիասյանը նախ` գլխով, ապա՝ բռունցքով, հարվածել է Կարապետյանի դեմքին, որից հետո հանել ու ցուցադրաբար լիցքավորել է օրինական հիմունքներով իրեն պատկանող Browning տեսակի 9x17 տրամաչափի մարտական ատրճանակը, ապա՝ շարունակելով խուլիգանական գործողությունները՝ նշված ատրճանակից 2 կրակոց է արձակել վերջինիս ոտքերի ուղղությամբ՝ գետնին՝ շրջապատում գտնվող անձանց մոտ առաջացնելով վախի մթնոլորտ:

Այնուհետև Սուքիասյանը նույն ատրճանակով կրակոց է արձակել նաև Կարապետյանի ընկերոջ ուղղությամբ՝ պատճառելով աջ սրունքոսկրի հրազենային վնասվածք և հեռացել»:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել Նարեկ Կարապետյանին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Խաչատուր Սուքիասյանը միջադեպի վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել։ «Երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ճիշտ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո: Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի Հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից», – ֆեյսբուքյան իր էջում գրել էր Սուքիասյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---