22 հուլիսի 2021 - 15:13 AMT
Ադրբեջանում ՌԴ քաղաքացուն դատապարտել են 10 տարվա ազատազրկման` «ահաբեկչության, վարձկանության համար»

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովին, որը, ըստ Ադրբեջանի դատախազության, որպես վարձկան մասնակցել է 2020թ․ պատերազմին։

Պատիժը կրելուց հետո նա արտաքսվելու է Ադրբեջանի տարածքից, գրում է Haqqin.az-ը։

Նրան մեղադրում են ահաբեկչության ու վարձկալության, ինչպես նաև Ադրբեջանի պետսահմանն ապօրինի հատելու մեջ։

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատավարության ընթացքում Դուբակովն ասել է, որ հավաքագրվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից 2018-ին Բելառուսում և այցելել է Արցախ նրանց ցուցումով։ Նա ասել է նաև, որ 2021-ի հունվարին նրան կանչել են Բաքու դրամական հատուցում տալու և նոր առաջադրանքներ ստանալու համար, սակայն ձերբակալել են։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, քննության ժամանակ Դուբակովն ասել է, որ, հաշվի առնելով իր ծագումը (հայրը հայ է), նա հետաքրքրվել է ՀՀ-ում գործող ՈՄԱ կազմակերպության գործունեությամբ։ Նա ասել է, թե 2018-ին ժամանել է ՀՀ, որտեղ մարտական պատրաստություն է անցել և հետո նրան ուղարկել են Շուշի և Ստեփանակերտ։ 2019-ին նա ևս այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Ըստ ՌԴ ԱԴԾ տեղեկանքի, Դուբակովը 2018-2019թթ․ մի քանի անգամ այցելել է ՀՀ։