Պատմական Արտաշատ մայրաքաղաքում պեղումներ կանեն, բացված կառույցների ամրակայում

Պատմական Արտաշատ մայրաքաղաքում պեղումներ կանեն, բացված կառույցների ամրակայում

PanARMENIAN.Net - Պատմական Արտաշատ մայրաքաղաքում պեղումներ, բացված կառույցների ամրակայում կիրականացվի։

Հուլիսի 23-ին համագործակցության քառակողմ հուշագիր է կնքվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և բարերար «Այէթնոս» ՍՊ ընկերության միջև։

Ըստ հուշագրի՝ կողմերը, կարևորելով պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը, շահագրգռված լինելով օժանդակելու պատմամշակութային հուշարձանների պահպանությամբ, օգտագործմամբ և ՀՀ-ում ներդրումային ծրագրերի իրականացմամբ, անհրաժեշտ են համարել միավորել հնարավորությունները և համատեղ իրականացնել Արարատի մարզի Լուսառատ համայնքի պատմական Արտաշատ մայրաքաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների հնագիտական ուսումնասիրության աշխատանքները։

Հուշագրով պայմանավորված՝ նախատեսվում է իրականացնել պեղումներ, դրանց արդյունքում բացված կառույցների ամրակայում և վերականգնում, կազմակերպել գտածոների մաքրում, ամրակայում, վերականգնում, լաբորատոր հետազոտություններ և վավերագրում։ Որպես ստորագրող կողմ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար, որը կարող է գեղեցիկ նախադեպ լինել համատեղ այլ աշխատանքներ իրականացնելու համատեքստում։

Փոխնախարարը հատկապես կարևորել է հուշարձանի՝ Արարատի մարզի Լուսառատ համայնքի պատմական Արտաշատ մայրաքաղաքի պահպանությանն ուղղված քայլերը:

«Միայն պետական ռեսուրսներով հնարավոր չէ լիարժեք պեղումներ իրականացնել։ Ավելի բարդ է պեղումներից հետո ապահովել բացահայտված հուշարձանների շերտերի պահպանման, կոնսերվացման, միջազգայնացման կարևորագույն աշխատանքը։ Եվ այս առումով չափազանց կարևոր է մասնավոր ներդրման անհրաժեշտությունը»,-ասել է նա։

Արտաշատը Հայաստանի հին մայրաքաղաքներից է (մ.թ.ա. II – մ. թ. IV դդ.)։ Կառուցել է Հայոց արքա Արտաշեսը մ.թ.ա. 180-170-ական թթ. և իր անունով անվանել Արտաշատ (հունարեն՝ Արտաքսատա)։ Ժամանակագիրներն Արտաշատ մայրաքաղաքի մասին գրում են «թագավորանիստ քաղաք», «մեծ ու խիստ գեղեցիկ քաղաք», «Հայաստանի Կարթագեն»։ Արհեստագործության, առևտրի, հայկական հելլենիստական մշակույթի խոշոր կենտրոններից էր։ Pահպանվել են պարիսպների մնացորդները, երևում են խանդակների հետքերը։

1970թ․ ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը սկսեց Արտաշատ մայրաքաղաքի կանոնավոր պեղումները, որոնք շարունակվում են մինչ օրս։

Պեղումներից հայտնաբերվել են հելլենիստական ժամանակաշրջանի ճարտարապետական հուշարձանների բազմաթիվ մնացորդներ, ինչպես նաև մշակույթի և արվեստի եզակի նմուշներ։ Բացվել են բնակելի շինությունների և արհեստանոցների համալիրներ, հեթանոսական տաճար, մոնումենտալ կառույցների մանրամասեր, ուշ անտիկ շրջանի բաղնիքներ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---