ՄԻՊ. Ժամը 10:30-ի դրությամբ կրակում են Գեղարքունիքի գյուղերի ուղղությամբ

ՄԻՊ. Ժամը 10:30-ի դրությամբ կրակում են Գեղարքունիքի գյուղերի ուղղությամբ

PanARMENIAN.Net - Ժամը 10:30-ի դրությամբ կրակում են Գեղարքունիքի գյուղերի ուղղությամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ Մարդու իրացունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ ահազանգեր է ստանում Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի քաղաքացիական բնակչությունից։

Ավելի վաղ հայտարարվեց, որ Բաքուն համաձայնել է Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը սահմանագծին՝ սկսած Երևանի ժամանակով 10:00-ից։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։

«Հատկապես խոցելի վիճակում, կրակոցների անմիջական թիրախում են Կութ, Վերին Շորժա գյուղերը: Կրակոցներն ինտենսիվ են, արձակվում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից», – գրել է Թաթոյանը։

ՄԻՊ-ն արձանագրել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունն այն մասին, որ ադրբեջանական այս մարտական հարձակումներն ունեն քաղաքական դրդապատճառներ: Ուստի, Պաշտպանը հրավիրում է միջազգային կազմակերպությունների ուշադրությունն այդ հայտարարությանը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ստուգած փաստերը հաստատում են, որ կրակոցներն անընդհատ հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, այդ կրակոցները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ են, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ, ունեն միասնական դիտավորություն, խախտում են ՀՀ քաղաքացիական բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը:

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի 3 զոհ, ևս 2 զինծառայող վիրավոր է:

Ադրբեջանական կողմը հայտնել է 2 վիրավորի մասին։

Ըստ ՀՀ ՊՆ-ի` հակառակորդը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---