Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։ Այդ տեղեկությունը հաստատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայություն, հայտնում է Araratnews.am-ը։
Նախարարությունում հաստատել են, որ հրադադարը պետք է հաստատվեր տեղական ժամանակով ժամը 10։00-ից, տեղեկացնելով, որ այժմ սահմանին իրավիճակը համեմատաբար կայուն է։
Ավելի վաղ հայտարարվեց, որ Բաքուն համաձայնել է Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը սահմանագծին՝ սկսած Երևանի ժամանակով 10:00-ից։ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել էր, որ Ժամը 10:30-ի դրությամբ կրակում են Գեղարքունիքի գյուղերի ուղղությամբ։
ՊՆ-ից ևս հաստատել են, որ այս պահին կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։
Ադրբեջանական սադրանքի արդյունքում սկսված մարտական գործողությունների ընթացքում երկուստեք կիրառվել են հրաձգային զինատեսակներ և ականանետեր։ Ընդ որում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից ականանետային կրակ է բացվել՝ ի պատասխան հակառակորդի կողմից ականանետերի կիրառման։
Շփման գիծը չի փոփոխվել, սահմանային իրադրությունը գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների վերահսկողության ներքո։
Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի 3 զոհ, ևս 2 զինծառայող վիրավոր է:
Ադրբեջանական կողմը հայտնել է 2 վիրավորի մասին։
Ըստ ՀՀ ՊՆ-ի` հակառակորդը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։