ԱԳՆ-ն ողջունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մոտեցումները՝ վերսկսելու խաղաղ բանակցային գործընթացը

ԱԳՆ-ն ողջունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մոտեցումները՝ վերսկսելու խաղաղ բանակցային գործընթացը

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, ողջունել է համանախագահության մոտեցումները՝ վերսկսելու խաղաղ բանակցային գործընթացը, և հայտարարել, որ Ադրբեջանի գործողություններին հասցեական գնահատականը կնպաստի ստեղծված պայթունավտանգ իրավիճակի հաղթահարմանը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների բարձր ներկայացուցիչների նախորդ՝ մասնավորապես 2020թ․ դեկտեմբերի 3-ի և 2021թ․ ապրիլի 13-ին համատեղ հայտարարություններում հստակ ամրագրված են խաղաղ գործընթացի առաջնահերթ խնդիրները, որոնք կարող են հիմք ստեղծել բանակցությունների համար։

Համանախագահների հայտարարությունը մեկ անգամ ևս փաստում է, որ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության բանալին ղարաբաղյան հակամարտության համապարփակ և տևական կարգավորումն է։

Մայիսի 12-ից սկսած Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցումը և վերջին օրերին ՀՀ պաշտպանական դիրքերի վրա հարձակումները հանգեցրել են իրավիճակի սրմանը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել իրավիճակի դեէսկալացիայի դիրքերից և այս առնչությամբ կատարել է կոնկրետ առաջարկներ, մասնավորապես՝ հետ քաշել զինվորական ստորաբաժանումները մայիսի 11-ի դրությամբ առկա ելման դիրքեր։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիայից, Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ-ից և Իգոր Խովաևը՝ ՌԴ-ից) հանդես են եկել հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցած վերջին միջադեպերի, այդ թվում՝ զոհերի և մարդկային կորուստների վերաբերյալ։

Համանախագահները հորդորում են ՀՀ-ին և Ադրբեջանին անհապաղ նվազեցնել լարվածությունը, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ու ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները՝ նոյեմբերի 10-ի հայտարարության և հրադադարի մասին այլ պայմանավորվածությունների համաձայն:

Համանախագահները հաստատել են հակամարտության բոլոր մնացած հիմնական հարցերի համաձայնեցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը և կողմերին կոչ արել հնարավորինս շուտ վերադառնալ բանակցություններին իրենց հովանու ներքո:

Այդ համատեքստում նրանք կրկնել են երկկողմ ուղղակի խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկը, որպեսզի կողմերը կարողանան համատեղ վերանայել և համատեղ համաձայնեցնել կառուցվածքային օրակարգը, որը կարտացոլի իրենց առաջնահերթությունները, առանց նախապայմանների:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---