Աֆղանստանում այս պահին հայ խաղաղապահներ չկան: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիտարկմանը:
Նա տեղեկացրել է, որ հայ խաղաղապահներն Աֆղանստանից դուրս են եկել դեռևս մարտի սկզբին:
Ազգային Ժողովի նիստի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգել են օգոստոսի 16-ին Երասխում ու Գեղարքունիքում թշնամու գնդակից ընկած զինծառայողների հիշատակը։
Օգոստոսի 15-ին «Թալիբան» շարժման կազմավորումները մուտք գործեցին մայրաքաղաք Քաբուլ բոլոր ուղղություններով։ Թալիբները հայտարարել են, որ վերահսկում են երկրի ամբողջ տարածքը։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին լքել է երկիրը։ Թալիբներն իրենց դրոշն են բարձրացրել նախագահական պալատի վրա։ ՆԳ նախարարի պաշտոնակատար Աբդուլ Սատտար Մարզակվալը հայտարարել է, որ «իշխանափոխությունը խաղաղ է տեղի ունեցել»։ Արևմտյան երկրների դեսպանատների աշխատակիցների մեծ մասը հեռացել է երկրից։