Լրագրողական կազմակերպությունները պահանջում են դադարեցնել ԶԼՄ ներկայացուցիչների դեմ բռնությունն ԱԺ-ում

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են  դադարեցնել ԶԼՄ ներկայացուցիչների դեմ բռնությունն ԱԺ-ում

PanARMENIAN.Net - Մի շարք լրագրողական կազմակերպություններ, խորը մտահոգությունն ու վրդովմունքը հայտնելով Ազգային ժողովում տիրող անընդունելի իրավիճակի և գործընթացների առնչությամբ, պահանջում են ԱԺ ղեկավարությունից անհապաղ դադարեցնել խորհրդարանում հավատարմագրված լրագրողների և օպերատորների նկատմամբ կիրառվող բռնությունները, ճնշումները և ապօրինի սահմանափակումները։

Նրանք պահանջում են նաև․

«ԱԺ նախագահից՝ անպայմանորեն մասնակցել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ օգոստոսի 30-ին կայանալիք քննարկմանը, որը նվիրված է լինելու վերոհիշյալ խնդիրներին, և առավելագույնս ընդառաջել լրագրողների ողջամիտ ակնկալիքներին,

Անվտանգության ծառայության աշխատակիցներից՝ չգերազանցել իրենց լիազորությունները. խորհրդարանում աշխատող լրագրողների ու օպերատորների նկատմամբ չկիրառել անհիմն սահմանափակումներ, չներկայացնել անօրինական պահանջներ և չխոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը»։

Հայտարարությունը ստորագրած կազմակերպությունների ներկայացուցիչները պնդում են, որ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների ու օպերատորների նկատմամբ իրականացվող այդ գործողությունները ոչ այլ ինչ են, քան ապօրինություններ՝ ուղղված խոսքի ազատության և հասարակության տեղեկացված լինելու իրավունքի դեմ։

«Դրանք հակասում են նաև լրագրողական երեք կազմակերպությունների՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավարների և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգոստոսի 23-ին կայացած հանդիպման և քննարկման բովանդակությանն ու էությանը։

Անքննելի է, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն իմանալու, թե ինչպես է աշխատում և ինչ վարքագիծ է դրսևորում յուրաքանչյուր պատգամավոր։ Ավելին՝ խորհրդարանի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, որը չի պարունակում պետական կամ այլ գաղտնիք, պետք է դառնա հանրության սեփականությունը։ Իսկ դա հնարավոր է ապահովել նախևառաջ ԶԼՄ-ների անկաշկանդ գործունեության միջոցով»,-ասվույմ է հայտարարության մեջ։

Հայտարարությունը ստորագրել են՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեվանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստանը, Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն, Գորիսի մամուլի ակումբը, «Ֆեմիդա» ՀԿ-ն։

Օգոստոսի 24-ի նիստին, երբ ԱԺ պատգամավորների թեժ վեճերը վերածվեցին ծեծկռտուքի, անվտանգության աշխատակիցները բռնի ուժով հեռացրին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին մամուլի համար նախատեսված օթյակից՝ թույլ չտալով շարունակել նկարահանումները։ Լրագրողների ու օպերատորների գործունեությունը խոչընդոտվել է նաև նիստերի դահլիճի մուտքի մոտ։ Ի թիվս բազում այլ անհիմն արգելքների՝ անվտանգության ծառայողները սպառնացել են News.am լրատվական կայքի օպերատոր Հայկ Տոնոյանին՝ զրկել ԱԺ հավատարմագրումից, եթե շարունակի նկարել, ապա՝ ըստ վերջինի, ջնջել են ծեծկռտուքի տեսանյութը։

Նույն իրավիճակը կրկնվել է օգոստոսի 25-ին․ որպեսզի խորհրդարանականների ծեծկռտուքը չնկարահանվի, ԶԼՄ-ների ներկայացուցիչները դարձյալ հեռացվել են օթյակից, ընդ որում՝ նաև ֆիզիկական բռնության կիրառմամբ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---