ՄԻՊ․ Կաթվածահար է ՀՀ-Իրան ճանապարհով ազատ տեղաշարժը

ՄԻՊ․ Կաթվածահար է ՀՀ-Իրան ճանապարհով ազատ տեղաշարժը

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով այն փաստին, որ արդեն 2-րդ օրն է` ադրբեջանցի զինծառայողները փակ են պահում Գորիսից Կապան տանող ՀՀ միջպետական ճանապարհը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կաթվածահար է Հայաստան-Իրան ճանապարհով ազատ տեղաշարժը։

Ըստ ՄԻՊ-ի` ակնհայտ է, որ Սյունիքում Գորիս-Կապան ճանապարհը փակելն ադրբեջանական իշխանությունների կողմից նախապես պլանավորված բացահայտ հանցանք է ՀՀ ամբողջ քաղաքացիական բնակչության դեմ: Այդ հանցանքը նրանց զինծառայողները պարզապես իրագործել են իրենց իսկ հորինած սադրանքի հիման վրա:

Նշվում է, որ արդյունքում մյուս բնակավայրերից գրեթե ամբողջությամբ կտրվել են գյուղեր՝ Գորիսի Որոտանը, Շուռնուխը, Բարձրավանը, Կապանի Նոր Առաջաձոր գյուղի մի թաղամասը:

Նշված գյուղերում առաջացել են սննդամթերքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական ծառայությունների հասանելիության լրջագույն սահմանափակումներ՝ մարդկանց կանգնեցնելով հումանիտար ճգնաժամի իրական վտանգի առաջ:

«Ադրբեջանական զինված ծառայողների բացահայտ հանցավոր արարքների պատճառով լրջորեն սահմանափակվել է հատկապես այդ գյուղերի քաղաքացիական բնակչության (այդ թվում՝ երեխաներ, կանայք, տարեցներ) ազատ տեղաշարժը:

Դրա արդյունքում լրջորեն ծանրաբեռնվել է Սյունիքի Տաթև-Կապան ճանապարհը:

Ադրբեջանական զինված ուժերի այս արարքները ՀՀ-ում առաջացրել են մարդու իրավունքների զանգվածային խախտումներ՝ մարդկանց ազատ տեղաշարժը, բժշկական ծառայությունների հասանելիությունը, խաթարվել է քաղաքացիական բնակչության բնականոն կյանքը և միջազգայնորեն երաշխավորված այլ կենսական իրավունքներ:

Դրանից բացի, լրջորեն սահմանափակվել է տարբեր ապրանքներ, այդ թվում՝ գործարար նպատակներով տեղափոխող բեռնատար մեքենաների, մարդկանց տեղաշարժը Իրանից Հայաստան և հակառակը:

Իմ անմիջական ղեկավարությամբ երեկ ու այսօր փաստահավաք աշխատանքները, ահազանգերի ու իրավիճակի վերլուծությունները ակնհայտ ցույց են տալիս, որ Գորիս-Կապան ճանապարհի 2 հատվածները փակվել են ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հրահանգով:

Նրանք են այս հանցավոր արարքների ուղղակի պատասխանատուն, որ ամբողջությամբ խաթարել են մարդկանց անվտանգությունը, խաղաղ կյանքն ու անդորրը, առաջացրել են լարվածություն ամբողջ հասարակությունում»,-ասվում է գրառման մեջ:

ՄԻՊ-ը հավելել է, որ պետությունը պետք է գործի «ամեն րոպեն» թանկ է սկզբունքով ու թիրախային օգտագործի միջազգային մեխանիզմները:

«Իմ աշխատակազմի Երևանի կենտրոնական ու Սյունիքի մարզային ստորաբաժանումները ամբողջ օրվա ընթացքում կապի մեջ են եղել բնակիչների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Երեկ ու այսօր ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերն իրականացրել են ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման անփոխարինելի դեր:

Մենք իրական վիճակի մասին զեկույցները, փաստահավաք աշխատանքների օբյեկտիվ արդյունքները պարբերաբար ենք ուղարկում միջազգային մարմինների, այդ թվում՝ անհատապես այդ մարմինների պաշտոնատար անձանց՝ ՄԱԿ, ԵԽ, ԵՄ, ԵԱՀԿ և այլն, ինչպես նաև ՀՀ մարմիններին»,-ասվում է գրառման մեջ:

Օգոստոսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են։ ԱԱԾ-ն հայտարարել է, որ աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողները փակել են նաև Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---