2021-2022 թթ. ֆրանսերենը խորացված կդասավանդվի ևս 6 դպրոցում և 1 վարժարանում․ Համաձայնագիր կա

2021-2022 թթ. ֆրանսերենը խորացված կդասավանդվի ևս 6 դպրոցում և 1 վարժարանում․ Համաձայնագիր կա

PanARMENIAN.Net - 2021-2022 թթ. ուսումնական տարվանից ֆրանսերենի խորացված ուսուցումամբ ուսհաստատությունների քանակը կավելանա՝ այդպիսի ուսուցում կազմակերպվելու է ևս 6 հանրակրթական ուսումնական հաստատություններում և 1 վարժարանում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության միջև Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցում ստորագրվել է «ՀՀ դպրոցական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման զարգացման վերաբերյալ գործընկերության համաձայնագիր»:

Ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագիրն իրականացվում է 2012-ից և ընդգրկում էր 10 հանրակրթական դպրոց:

Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժոնաթան Լաքոտը:

2021-2022 թթ. ուսումնական տարվանից չորս դպրոցում կբացվեն ֆրանսերենի խորացված ուսուցմամբ 2-9-րդ դասարաններ, իսկ երեք ավագ դպրոցում՝ ֆրանսերենի խորացված ուսուցմամբ 10-12-րդ դասարաններ:

Դումանյանը նշել է, որ Հայաստանում տարեցտարի ավելանում է ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրությունը, ինչի զարգացման ուղղությամբ նախարարության կողմից մշտապես տարվում են լայնածավալ աշխատանքներ:

«Ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրի յուրահատկությունն այն է, որ իրագործվում է Երևանի, Գյումրու, Իջևանի, Հրազդանի, Գորիսի, Եղեգնաձորի, Սպիտակի, Վանաձորի և Էջմիածնի ուսումնական հաստատություններում: Սա վկայում է, որ ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրությունը բարձրանում է նաև մարզերում»,- ասել է նախարարը և վստահություն հայտնել, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագիրը լավագույնս կնպաստի Հայաստանում ֆրանսերենի տարածմանն ու դպրոցներում դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը: Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը շեշտել, որ այդ փաստաթղթով կնշանավորվի ֆրանսերենով խորացված ուսուցմամբ ծրագրի ընդլայնումը:

«Սա ընդլայնում է ոչ միայն քանակական, այլև որակական առումով, քանի որ առաջին անգամ է, որ ծրագրին միանալու են ավագ դպրոցները: Այն աշակերտներին, որոնք դպրոցում սովորել են ֆրանսերեն, ծրագիրը հնարավորություն կընձեռի շարունակելու ֆրանսերեն ուսումնառությունն ավագ դպրոցում: 148 ավագ դպրոցն էլ հնարավորություն կտա այս համայնքում գործող 4 դպրոցների աշակերտներին ավագ դպրոցում ևս շարունակելու ֆրանսերենի ուսումը»,- շեշտել է դեսպանը և ուրախությամբ հավելել, որ այս ծրագրին միացել են նաև մայրաքաղաքից դուրս գտնվող դպրոցները:

Ներկայացնելով հուշագրից բխող համագործակցության շրջանակը՝ Ժոնաթան Լաքոտն ընդգծել է, որ ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցները կարող են կապ հաստատել Ֆրանսիայի կամ ֆրանկոֆոն երկրների դպրոցների հետ, կազմակերպել փոխանակումներ և այլն:

«Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է, վերջերս էլ ընդունել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, և ֆրանսերեն խորացմամբ ուսուցմամբ ծրագիրը ֆրանկոֆոնիայի համար կարող է հանդիսանալ Հայաստանի հանձնառության վկայություն»,- ասել է դեսպան Լաքոտը։:

Ըստ համաձայնագրի՝ ֆրանսերենի խորացված ծրագիր իրականացնող դպրոցները կհամալրվեն ուսումնական նյութերով, դասավանդողները կանցնեն վերապատրաստում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---