Վանեցյան․ Արցախում է, որ վճռվելու է հայ ժողովրդի՝ որպես պետականության կրող արժանապատիվ ազգի ապագան

Վանեցյան․ Արցախում է, որ վճռվելու է հայ ժողովրդի՝ որպես պետականության կրող արժանապատիվ ազգի ապագան

PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ելույթ ունենալով Արցախի խորհրդարանում՝ երկրի Անկախության օրվան նվիրված հատուկ նիստում, հայտարարել է, որ ԱՀ-ում է, որ վճռվելու է հայ ժողովրդի՝ որպես պետականության կրող արժանապատիվ ազգի ապագան։

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է։

«Աղետաբեր պատերազմից և մեծաթիվ կորուստներից հետո մեր երկու պետականությունների առջև ծառացած բազում մարտահրավերների առկայության պայմաններում այս օրը հատուկ խորհուրդ ունի, և այդ խորհուրդը մեր միասնությունն է՝ Արցախի հետ միասնական լինելը։

Այո՛, մեզ անհրաժեշտ է լինելու հայկական աշխարհի միասնականությունը, քանի որ Արցախն է այն հիմնական առանցքներից մեկը, եթե կուզեք՝ այն ամուր շաղախը, որն անքակտելիորեն ամրացնում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, և հենց Արցախում է, որ վճռվել, վճռվում և վճռվելու է մեր ժողովրդի՝ որպես պետականության կրող արժանապատիվ ազգի ապագան», - նշել է Վանեցյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նա ասել է, թե որևէ ջանք ու եռանդ չեն խնայելու ներհայկական և միջազգային անխտիր բոլոր հարթակներում առաջ մղելու Արցախի անվտանգային խնդիրների լուծման հարցերը։

«Կրկին պետք է անդրադառնամ միասնությանը, Արցախի հետ լինելուն, որովհետև ազգի պառակտմամբ, պետականության հանդեպ անփույթ վերաբերմունքով, Արցախի խնդիրները միտումնավոր, թե ապաշնորհությամբ լուսանցք մղելով, ի վերջո, կարող է հանգրվանն աղետալի լինել, երբ վտանգված կլինի ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության գոյության փաստն ինքնին։ Հենց համազգային միասնությունը և համախմբումն է, որ կարող է դուրս բերել մեզ ներկա ճգնաժամային իրավիճակից և, ի վերջո, դուռ բացել դեպի ինչ-որ մշուշոտ, այլ՝ մեր ժողովրդի հազարմյա ազգային իղձերի և երազանքների իրականացումն ապահովող անվտանգ ապագա»։ Վանեցյանը վստահեցրել է, որ մշտապես կանգնած են լինելու արցախցիների թիկունքին՝ ամեն ինչով աջակցելու և օժանդակելու են առկա հարցերի լուծմանը։

«Ամեն կերպ սատարելու ենք Արցախի հարցի լուծմանը, Արցախի ինքնորոշման և անկախ կարգավիճակի միջազգային ճանաչմանը։ Դրան այլընտրանք չի կարող լինել», - ասել է Արթուր Վանեցյանը։

Սեպտեմբերի 1-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ հրավիրվել է հատուկ նիստ՝ նվիրված ԼՂՀ անկախության հռչակման հոբելյանական 30-ամյակին։

Նիստին ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱՀ 4-րդ, 5-րդ, 6-րդ գումարումների Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ խորհրդարանի պատվիրակությունը՝ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ղեկավարությամբ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---