Սեպտեմբերի 15-ից պահեստազորի նոր եռամսյա հավաք կսկսվի

Սեպտեմբերի 15-ից պահեստազորի նոր եռամսյա հավաք կսկսվի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ից պահեստազորի նոր եռամսյա հավաք կմեկնարկի՝ որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Հավաքը կտևի մինչև դեկտեմբերի 15-ը։

Այն վերաբերում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայիններին։

Վարժական հավաքներին կներգրավվի ընդհանուր մինչև 869 քաղաքացի, որոնցից 576-ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական կազմի, 186-ը` սպայական կազմի:

Հավաքին կներգրավվեն մոտոհրաձգային, հրթիռա-հրետանային, հակաօդային պաշտպանության, կապի, հետախուզական, ռադիոէլեկտրոնային պայքարի, ինժեներական ու տեղագրական մասնագիտություններ ունեցող պահեստազորայիններ։

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ վերջին տարիներին ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, ինչպես նաև ԶՈւ-ում իրականացվում են բարեփոխումներ (կառուցվածքային)։

Պահեստազորայինների եռամսյա վարժական մեկ հավաք արդեն մեկնարկել է օգոստոսի 25-ին և կտևի մինչև նոյեմբերի 25-ը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---