Զախարովա․ ՌԴ-ն պատրաստ է նպաստել ՀՀ-ի ու Թուրքիայի հարաբերությունների բարելավմանը

Զախարովա․ ՌԴ-ն պատրաստ է նպաստել ՀՀ-ի ու Թուրքիայի հարաբերությունների բարելավմանը

PanARMENIAN.Net - Մոսկվան պատրաստ է հետագայում ևս նպաստել Անկարայի և Երևանի հարաբերությունների բարելավմանը և տեսնում է երկրների միջև դրական ազդակները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք արձանագրել ենք Երևանի և Անկարայի միջև վերջերս տեղի ունեցած դրական ազդակների փոխանակումը՝ նկատի ունեմ արձանագրել ենք այն համատեքստում, որ տեսնում ենք դրանք և ի գիտություն ընդունում։ Մենք այժմ ևս պատրաստ ենք ամեն կերպ նպաստելու երկու հարևան երկրի մերձեցմանը՝ փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու հիման վրա»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Զախարովան հավելել է, որ երկու երկրի միջև հարաբերությունների հաստատումը կնպաստեր խաղաղությանը, տարածաշրջանի կայունությանն ու բարգավաճմանը, հատկապես «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ֆոնին՝ 2020թ․ նոյեմբերի 10-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությսունների իրականացման համատեքստում»։

Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը միշտ կողմ է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, նաև ակտիվ մասնակցություն է ունեցել այդ գործընթացին։

«Այսպես` մենք նպաստեցինք 2009-ին Ցյուրիխում արձանագրությունների ստորագրմանը: Դրանք ենթադրում էին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների փուլային բարելավում ՝ առանց նախապայմանների առաջադրման։ Ռուսաստանը ոչ միայն միջնորդի դեր է կատարել, այլև գործուն, արդյունավետ քայլեր է ձեռնարկել, որոնք դրական արդյունք են տվել: Ցավոք, հետագայում, ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված նախաձեռնությունները կողմերը չեն իրականացրել։ Բայց դա արդեն յուրաքանչյուր պետության կամքն էր»,- ասել է Զախարովան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ կառավարության նիստում հայտարարել էր, որ դրական ազդակներ է տեսնում Թուրքիայի կողմից և կգնահատի այդ ազդակները և դրական ազդակով կպատասխանի։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը՝ վերջինիս կողմից «հաշտվողական հայտարարությունների» ֆոնին։

Photo. TASS
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---