Միրզոյան․ ՀՀ-ն շահագրգռված է ԵԱՀԿ անվտանգության հարթություններում գործակցության խորացմամբ

Միրզոյան․ ՀՀ-ն շահագրգռված է ԵԱՀԿ անվտանգության հարթություններում գործակցության խորացմամբ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ հայկական կողմը շահագրգռված է ԵԱՀԿ անվտանգության բոլոր 3՝ ռազմաքաղաքական, տնտեսական և բնապահպանական ու մարդկային հարթություններում գործակցության խորացմամբ։

Այս համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ և վերջինիս գործադիր մարմինների հետ ծրագրային փոխգործակցության շարունակականությունը, հատկապես՝ Հայաստանի հետ գործակցության ծրագրի շրջանակում։

Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ դերը՝ որպես համապարփակ և համագործակցային անվտանգության հայեցակարգի վրա հիմնված տարածաշրջանային կազմակերպություն։ Կողմերն անդրադարձ են կատարել Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին: Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը:

ՀՀ ԱԳ նախարարը նաև նշել է, որ Հայաստանը հանձնառու է տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը, սակայն Ադրբեջանի սադրիչ գործողությունները, ներառյալ՝ ադրբեջանական ԶՈւ ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք, լարվածության նոր օջախներ են ստեղծում և խաթարում տարածաշրջանային անվտանգությունը և կայունությունը:

Օգոստոսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են։ ԱԱԾ-ն հայտարարել է, որ աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողները փակել են նաև Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը: Օգոստոսի 27–ի երեկոյան ճանապարհը բացվել է։

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---