Փաշինյան․ Պատրաստ ենք Թուրքիայի հետ խոսակցության

Փաշինյան․ Պատրաստ ենք Թուրքիայի հետ խոսակցության

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով սահմանակից երկրների հետ հարաբերություններին, հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ խոսակցության։

Նա ասել է, որ ՀՀ հետ հարաբերությունների մասին խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Փաշինյանը հավելել է, որ այդ հայտարարություններում տեսնում է Թուրքիայի հետ երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն: Փաշինյանը նշել է նաև, որ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու այդ գործընթացին, իսկ ԵՄ-ն, Ֆրանսիան, ԱՄՆ-ն նույնպես հետաքրքրված են։

Նա նշել է, որ ընդհանուր առմամբ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու։

Վարչապետը կարևորել է Հյուսիս-հարավ նախագիծը, որն Իրանի հետ ՀՀ սահմանը կապում է Վրաստանի հետ։

«Չափազանց կարևոր է նաև երկաթուղային կապի հաստատումը ՌԴ-ի և Իրանի հետ։ Այս խնդիրը լուծելու համար Հայաստան-ՌԴ-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը։ Վճռական ենք ջանքեր գործադրել այս հարցում կոնկրետ արդյունքների հասնելու համար՝ գիտակցելով նաև, որ Ադրբեջանն էլ ակնկալում է հաղորդակցություն ստանալ իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»,-ասել է Փաշինյանը։

Նա նշել է նաև, որ ՀՀ-ն տրամադրված է վերականգնել խաղաղ գործընթացն Ադրբեջանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման խնդրին՝ վարչապետն ասել է, որ հայկական կողմը շարունակում է աշխատել դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է հետագայում ևս նպաստել Անկարայի և Երևանի հարաբերությունների բարելավմանը և տեսնում է երկրների միջև դրական ազդակները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ կառավարության նիստում հայտարարել էր, որ դրական ազդակներ է տեսնում Թուրքիայի կողմից և կգնահատի այդ ազդակները և դրական ազդակով կպատասխանի։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---