Չալաբյանը՝ Փաշինյանին․ Երկիրը դարավոր թշնամու ողորմածությանը հանձնելու որևէ մանդատ չեք ստացել

Չալաբյանը՝ Փաշինյանին․ Երկիրը դարավոր թշնամու ողորմածությանը հանձնելու որևէ մանդատ չեք ստացել

PanARMENIAN.Net - Քաղաքական գործիչ, «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը, ֆեյսբուքյան գրառումով դիմելով «թուրք-ադրբեջանական օրակարգը Հայաստանում ակտիվորեն առաջ մղող Նիկոլ Փաշինյանին», խորհուրդ է տվել նրան դադարել պատեհ-անպատեհ շահարկել ժողովրդի անունը։

«Դուք նրանից մեր երկիրը դարավոր թշնամու ողորմածությանը հանձնելու որևէ մանդատ չեք ստացել, նույնիսկ եթե հաղթել եք խորհրդարանական ընտրություններում»,-գրել է նա։

Նա հորդորում է Փաշինյանին, եթե վերջինս համարում է, որ ճիշտ է, գնալ այս հարցով հանրաքվեի։

«Կամ ընտրողներից Թուրքիայի և Ադրբեջանի հետ «հաշտեցման» բացահայտ մանդատ ստացեք, և կամ էլ դադարեք «խաղաղության» անվան տակ մեր հայրենիքը մաս-մաս թշնամուն հանձնումը»,-գրել է Չալաբյանը։

Նա գրել է, որ հունիսի 20-ի ընտրությունների արդյունքը, պարտված պատերազմից և նրանց հաջորդած ստորացուցիչ զիջումների շարանից հետո, ինքնին անհեթեթ և անտրամաբանական էր, և կարող էր բացատրվել միայն հիմնական ընդդիմադիր միավորների բարձր հակառեյտինգով և գործող իշխանության կողմից ադմինիստրատիվ ռեսուրսի անխնա շահագործմամբ, այն գիտակցությամբ, որ հաղթողներին չեն դատում, մանավանդ ՀՀ Սահմանադրական դատարանում։

Նշվում է, որ արդյունքում ստացել ենք մի իշխանություն, որը բոլորովին էլ չի ներկայացնում հայ հասարակության մեծամասնությանը, բայց շարունակաբար խոսում է նրա անունից, և նրա անունից խոսում և անում է նաև այնպիսի բաներ, որոնք ուղղակի հակասության մեջ են մտնում նույն այդ հասարակության առավել կենսական շահերի հետ։

«Մասնավորապես, վերջերս թշնամու կողմից Գորիս-Կապան ճանապարհի շրջափակման հետ կապված, Նիկոլ Փաշինյանը հայտարարերեց, որ «ադրբեջանցիները գործում են իրենց տարածքում, և ինչ կուզեն, կանեն», այն դեպքում, երբ նույնիսկ միջազգային իրավունքի տեսակետից, այդ տարածքը լավագույն դեպքում «վիճելի» տարածք է Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի Հանրապետությունների միջև, և մինչև գոյություն չունի վավերացված խաղաղության պայմանագիր և դրանով փոխադարձ ճանաչված սահմաններ, այն չի կարող որևէ կերպ համարվել ադրբեջանական, առավել ևս, որ թե խորհրդային տարիներին, և թե երկու հանրապետությունների անկախացումից ի վեր և մինչև այդ ճանապարհի միակողմանի հանձնումը նույն Փաշինյանի կողմից 2020 թ․ դեկտեմբերին, այն գտնվել է հենց հայկական կողմի վերահսկողության ներքո",-գրել է նա։

Չալաբյանը հավելել է, որ նույն հակապետական տրամաբանությամբ, Նիկոլ Փաշինյանը խոսում է «ադրբեջանական» անկլավների մասին, որոնք անկախացումից ի վեր, մեկ րոպե էլ չեն գտնվել Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ, և որևէ կերպ չեն կարող նրանը համարվել, առնվազն մինչև չկա այդ և այլ վիճելի տարածքների պատկանելության փոխադարձ ճանաչում, և երկու երկրների միջև նոր սահմանագծում։

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը Թուրքիայի նախագահի ելույթում դրական ազդակների մասին, որտեղ իր կողմից պատրաստակամություն է հայտնում հետևողական քայլերով հասնել հայ-թուրքական հաշտեցման և ՀՀ-ն վերածել տարածաշրջանային խաչմերուկի (ենթադրաբար, հիմնականում թուրքական և ադրբեջանական բեռնատարների համար)՝ Չալաբյանը նշել է, որ Փաշինյանը փորձում է թշնամու սպառնալիքները իրեն հատուկ «գունագեղ» փաթեթավորմամբ ներկայացնել իր ընտրողներին՝ որպես երկար սպասված խաղաղության հնարավորություն և «դրական զարգացում»։

Չալաբյանը գրում է, որ այս ամենը բերում է մի պարզ եզրահանգման՝ կամ Նիկոլ Փաշինյանին ընտրած քաղաքացիները չեն հասկացել, թե իրենք իրականում ինչ «ապագա» են ընտրում և հիմա պետք է սառը շոկ ապրեն, կամ էլ իրենց համար ոչ մի տարբերություն չկա, և իրենք պատրաստ են ապրել թուրքերի իշխանության տակ, ինչպես մի քանի հարյուրամյակ ապրել է մեր ժողովրդի մի հատվածը։

«Հիշեցնեմ սակայն, որ թուրքի իշխանությունը վերջացել է Հայոց ցեղասպանությամբ և Հայրենազրկմամբ, ուստի բոլոր այն միամիտները, մոլորյալները, անտարբերները, ընչաքաղցները, որոնք սպասում են թուրքերի նոր գալստյանը, ոչ միայն վտանգի են ենթարկում իրենց ու իրենց երեխաների ապագան, այլ նաև հայ հասարակության այն մեծ մասի, որը այդպիսի ապագա բոլորովին էլ չի ցանկանում, և պատրաստ է, գուցե մի վերջին ճիգով, պայքարել մեր երկրի ազատության համար։

Ես իմ մասով պատրաստ եմ այդ ազատության համար պայքարել և կնախընտրեմ մեռնել, քան իմ սեփական երկրում ապրել թուրքական լծի տակ, ուստի կանեմ ինձնից կախված հնարավոր ամենը, որպեսզի դա կանխեմ»,-ասվում է Չալաբյանի գրառման մեջ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---