Նախագիծ․ Բարձրաստիճան պաշտոնյաներից ՊՇՌ թեստ կամ պատվաստման հավաստագիր չի պահանջվի

Նախագիծ․ Բարձրաստիճան պաշտոնյաներից ՊՇՌ թեստ կամ պատվաստման հավաստագիր չի պահանջվի

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարությունը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծ է մշակել, որով սահմանվում են հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հատուկ հիմքերը։ Նախագծով սահմանվում են բացառություններ բարձրաստիճան պաշտոնյաների համար։

Որպես աշխատանքի չթույլատրման հիմք սահմանվում է հանրային ծառայողների պարտականությունը՝ ներկայացնելու սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով սահմանված` աշխատանքի (ծառայության) ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը։

Աշխատողն ինքը կարող է ընտրել կանխարգելման այն միջոցը, որը անհրաժեշտ կլինի իր աշխատանքի ներկայանալու համար՝ հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթ կամ իր ցանկության դեպքում՝ պատվաստման սերտիֆիկատ, իսկ հակացուցումների դեպքում՝ բժշկական տեղեկանքը:

Մի շարք հանրային պաշտոնների դեպքում սահմանվել է այս կարգավորումների կիրառումից բացառություն․ ՀՀ նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների համար։

Բացառությունը սահմանվել է այն հիմնավորմամբ, որ այդ ցանկում ներառվեն այն անձինք, որոնց պաշտոնը կամ ընտրովի պաշտոն է կամ վերջիններս նշանակվում են սահմանադրական գործընթացների արդյունքում կամ նրանք, ելնելով իրենց կարգավիճակից և զբաղեցրած պաշտոնի առանձնահատկություններից, ըստ էության, չունեն վերադաս մարմին կամ պաշտոնատար անձ, որը միաժամանակ վերջիններիս նշանակում կամ ազատում է պաշտոնից:

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է կորոնավիրուսային հիվանդությամբ ստեղծված արտակարգ իրավիճակով:

Նշվում է, որ աշխատանքային հարաբերությունների շրջանակներում հակահամաճարակային կանոնների պահպանման համար անհրաժեշտ են գործուն մեխանիզմներ, որոնք հնարավարություն կտան ապահովել սահմանված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պատշաճ պահպանումը այդ մարմիններում ծառայող և աշխատող անձանց կողմից:

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն առկա չէ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---