ԱՄՆ դեսպան․ ԼՂ կարգավիճակի հարցը լուծված չէ, այն մնալու է ՄԽ օրակարգում

ԱՄՆ դեսպան․ ԼՂ կարգավիճակի հարցը լուծված չէ, այն մնալու է ՄԽ օրակարգում

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԼՂ հիմնահարցին, հայտարարել է, որ ԱՄՆ-ում չեն համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված է, և այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում։

Արցախյան հարցի կարգավորման համար ԱՄՆ–ն անում է այն, ինչ կարող է, որպեսզի Հայաստանին ու Ադրբեջանին վերադարձնի բանակցությունների սեղանի շուրջ` Մինսկի խմբի ներքո։ Նրա խոսքով` հարցը պետք կարգավորվի բանակցությունների միջոցով, գրում է Sputnik Արմենիան։

«Քարտուղար Բլինքենը շատ տարբեր առիթներով շարադրել է մեր այս հանձնառությունը: Իհարկե, 30 տարվա պատերազմի և լարվածության իրավիճակը մեկ գիշերվա ընթացքում չի կարող լուծվել: Մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված է, և այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում»,-ասել է նա:

Դեսպանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հստակ ասել է, որ ավելի լայնածավալ քննարկումների չի անցնի, քանի դեռ գերիների հարցը լուծված չէ։

«Ինչպես գիտեք, ԱՄՆ–ն որոշակի քայլեր ձեռնարկել է, ռուսաստանյան գործընկերները ևս ջանքեր են գործադրել և որոշակի հաջողություններ ունեցել: Մենք հույս ունենք, որ կհասնենք մի կետի, երբ բոլոր գերիները կվերադառնան հայրենիք»,–ասել է Թրեյսին:

ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահ մեկ այլ երկրի արդեն հեռացող դեսպան Ժոնաթան Լաքոթը ևս հանդես է եկել նմանատիպ հայտարարությամբ։ «Հետքին» տված հարցազրույցում նա ասել է, որ առաջնահերթությունը Երևանի և Բաքվի միջև բանակցությունների վերսկսումն է՝ Մինսկի խմբի համանախագահության ներքո։ Նա նշել է, որ Ղարաբաղի հարցը բաց է, պատերազմը որևէ լուծում չբերեց, պատերազմը ցույց տվեց, որ Ղարաբաղում ապրող հայերի համար գոյաբանական սպառնալիք կա։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---