Ադրբեջանցիները սկսել են ստուգել նաև իրանական ավտոբուսները

Ադրբեջանցիները սկսել են ստուգել նաև իրանական ավտոբուսները

PanARMENIAN.Net - Գորիսի փոխքաղաքապետն ասել է, որ ադրբեջանական ոստիկանական կետի շրջակայքում հակառակորդը զգալի թվով կուտակումներ ունի։

Գորիս-Կապան միջպետական ճանապարհին տեղակայված ադրբեջանցի ոստիկաններն ու սահմանապահներy սկսել են ստուգել ոչ միայն իրանական բեռնատարները, այլև՝ ավտոբուսները: Այդ մասին հայտնել է Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նրա խոսքով՝ իրանցի վարորդները ստուգումների հետ կապված լուրջ դժգոհություններ ունեն և հայկական կողմի հետ զրույցներում նշում են, որ ավելի լավ է ընդհանրապես չգան, քան այդքան ժամանակ, նյարդեր և գումար վատնեն։

«Այս պահի դրությամբ նույն վիճակն է. ադրբեջանցիները պարսկական մեքենաների հետ կապված նույն ստուգումներն են իրականացնում, խցանումներ առաջացնում։ Կարծում եմ՝ այս ամենի նպատակը մարդկանց նեղելն է։ Չգիտեմ, լավ բան չի սպասվում։ Ինչ կատարվում է, լավ բան չի սպասվում։ Հետագան ավելի վատ կլինի. կարծում եմ՝ հետագայում կսկսեն նաև հայկական մեքենաներն ստուգել», - ասել է Կարո Քոչարյանը։

Գորիսի քաղաքապետի տեղակալի խոսքով՝ ՀՀ իշխանության նեսում ներկա պահին չկա որևէ անձ, որը կերաշխավորի, որ ադրբեջանցիները հետագայում ավելի վտանգավոր քայլերի չեն դիմելու։ Գորիսի փոխքաղաքապետը նաև հավելել է՝ ադրբեջանական ոստիկանական կետի շրջակայքում հակառակորդը զգալի թվով կուտակումներ ունի։

«Կուտակումները շատ են։ Ադրբեջանցիները թեկուզ հայկական պետհամարանիշներով մեքենաները չեն կանգնեցնում, բայց նաև չեն էլ թույլատրում, որ մենք կանգնենք։ Էնքան որ մեզ հանում են արանքից, պարսկական համարանիշներով մեքենաները սկսում ստուգել», - ասել է Քոչարյանը։

2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել:

ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող «Էյվազլի բնակավայրի հատվածում»։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար գանձում։ Դա հաստատեց նաև պաշտոնական Բաքուն՝ հայտարարելով, որ «ճանապարհային հարկ է» գանձվում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---