ՄԻՊ-ը ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը ներկայացրել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

ՄԻՊ-ը ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը ներկայացրել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

PanARMENIAN.Net - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Հարավային Կովկասում և ճգնաժամի հարցերով Վրաստանում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը և ներկայացրել է հետպատերազմական փուլում ադրբեջանական իշխանությունների պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը:

«Նշել եմ, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը սխալ է, քանի որ երկրորդական պլան են մղվում մարդու իրավունքները, սահմանափակվում են այդ իրավունքները պաշտպանելու հնարավորությունները:

Նշել եմ, որ ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով մարդիկ զրկվել են նույնիսկ դեռ խորհրդային ժամանակներից իրենց պատկանող տներից, հողատարածքներից, խոտհարքերից, որի հետևանքով առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլ նաև անվտանգային լուրջ խնդիրներ:

Ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածում, օրինակ՝ Սև լճում, անվտանգային լրջագույն խնդիրներ է առաջացրել շրջակա բնակավայրերի համար, քանի որ գտնվում են թիրախում, իսկ ադրբեջանական զինվորականները նաև արձակում են կրակոցներ:

Դրանից բացի, մարդկանց մասը չի կարողանում զբաղվել անասնապահությամբ, որն իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, վտանգված է ջրային պաշարների հասանելիությունը ոչ միայն Սյունիքի, այլ նաև Գեղարքունիքի մարզում: Ավելին, մի շարք գյուղեր զրկված են ջրից:

Ներկայացրել եմ Սյունիք կատարած վերջին այցերից մեկի ժամանակ տեղի ունեցած միջադեպերը, որի հետևանքով անձամբ եմ համոզվել, որ ադրբեջանական զինծառայողների ներկայությունը ՀՀ Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին մարդկանց առաջնահերթ կյանքի ու ազատ տեղաշարժման իրավունքների խախտում է»,-ասվում է գրառման մեջ:

ՄԻՊ-ն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, առանց ադրբեջանական զինված ծառայողների, նրանց ցուցանակների ու տեսախցիկների հեռացման, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ:

2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել:

ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող «Էյվազլի բնակավայրի հատվածում»։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար գանձում։ Դա հաստատեց նաև պաշտոնական Բաքուն՝ հայտարարելով, որ «ճանապարհային հարկ է» գանձվում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---