ՀՀ և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են զարգացումները «Հյուսիս-Հարավ» միջանցքի շուրջ

ՀՀ և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են զարգացումները «Հյուսիս-Հարավ» միջանցքի շուրջ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Դուշանբերում հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Զրուցակիցները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շուրջ ընթացիկ զարգացումները:

Արարատ Միրզոյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցում է ՀԱՊԿ կառույցների աշխատանքներին։

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի լայն շրջանակի՝ գոհունակություն հայտնելով սերտ կապերի վրա հիմնված հայ-հնդկական ավանդական ջերմ հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնել։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել բովանդակային քննարկումներ սկսել տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի շուրջ համագործակցության մասին: Այս համատեքստում ընդգծվել է բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը:

Նախարարներ Միրզոյանն ու Ջայշանկարը գոհունակությամբ ընդգծել են միջազգային կառույցների շրջանակներում Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված փոխաջակցությունը:

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի: Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու արդյունքում ստեղծված իրավիճակը: Այդ համատեքստում նախարարը բարձր է գնահատել Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումը, ինչպես նաև շարունակական աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Նախարար Միրզոյանը վերահաստատել է Ջամմուի ու Քաշմիրի հարցում Հնդկաստանին սատարելու Հայաստանի դիրքորոշումը։

Կողմերը քննարկել են նաև իրավիճակն Աֆղանստանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---