Գևորգյան․Այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների միջև որևէ շփում տեղի չի ունեցել

Գևորգյան․Այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների միջև որևէ շփում տեղի չի ունեցել

PanARMENIAN.Net - Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպման առաջարկ է արել, հայտարարել է, որ այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների միջև որևէ շփում տեղի չի ունեցել, չնայած Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների, տեղեկացնում է Արմենպրեսը։

Մանե Գևորգյանը նշել է նաև, որ Թուրքիայի հետ խոսակցության մեկնարկի՝ իր պատկերացումների մասին վարչապետը խոսել է ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում՝ ասելով, որ կարծում է՝ բարձր մակարդակի շփումներին պետք է նախորդեն աշխատանքային քննարկումներ, և միջազգային գործընկերներին նույնպես այս պատկերացումն է ներկայացնում:

«Վարչապետ Փաշինյանն իր բոլոր միջազգային շփումներում գործընկերներին ներկայացնում է կառավարության ծրագրում արձանագրված՝ Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու տեսլականը եւ արտահայտում է այդ ուղղությամբ ջանքեր գործադրելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը: Այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների միջև որևէ շփում տեղի չի ունեցել, չնայած Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների: Այսպիսի արդյունավետ աշխատանքի պարագայում՝ Հայաստանը պատրաստ կլինի նաև բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների»,-ասել է նա։

Անդրադառնալով այն հարցին, որ Թուրքիայի նախագահը կրկին խոսել է Հայաստանի տարածքով միջանցք բացելու խնդրի մասին, ասելով, որ դա քաղաքական հարց է՝ Գևորգյանն ասել է, որ վարչապետ Փաշինյանը բազմիցս արտահայտվել է այդ կապակցությամբ:

«Հայաստանը կարևորում է նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների ճշգրիտ իրագործումը: Կոմունիկացիաների բացումը բացառիկ կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում երկարատև խաղաղություն ու կայունություն հաստատելու, տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու համար և Հայաստանը վճռական է այդ ուղղությամբ առաջ շարժվելու և արդյունքներ արձանագրելու գործում: Որոշ հայտարարություններում կոմունիկացիաների վերաբացման թեման վերափոխվում է և ստանում տարածաշրջանային մեկուսացման պահպանման տրամաբանություն: Միջանցքների մասին խոսակցությունը հենց այսպիսին է և հակասում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու, թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու տրամաբանությանը: Այն նպատակ ունի ոչ միայն մեկուսացած պահել տարածաշրջանի պետությունները և ժողովուրդներին, այլև այդ մեկուսացմանը անշրջելի տեսք տալ: Բայց կան նաև տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը և թշնամության մթնոլորտի քայլ-առ-քայլ հաղթահարման իրական միջոց կարող են դառնալ: Հայաստանի կառավարությունը հենց նման տարբերակի կողմնակից է և հենց այդ տարբերակն է նկարագրված նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում և հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ»,-ասել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե ստեղծված պայմաններով որքանո՞վ է իրատեսական և համարժեք համարում տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը՝ Գևորգյանն ասել է, որ ցավոք, գրեթե ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնց նպատակը խաղաղության օրակարգը դելեգիտիմիզացիայի ենթարկելն է, թշնամության մթնոլորտը ոչ միայն խորացնելը, այլև այն առավել համակարգված դարձնելը:

«Այս և մյուս քայլերն արվում են ի ցույց դնելու խաղաղության անհնարինությունը մեր տարածաշրջանում, բայց Հայաստանի կառավարությունը հետևողականորեն առաջ է տանելու այդ օրակարգը՝ մեր տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելու բոլոր հնարավորությունները օգտագործելով և նոր հնարավորություններ ստեղծելով: Վարչապետ Փաշինյանը բազմիցս է նշել, որ այս ճանապարհին մեզ ամուր նյարդեր են պետք և արագ ու հեշտ լուծումներ գոյություն չունեն»,-ասել է նա։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փոխանցել է իրեն հանդիպման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ Այդ մասին Էրդողանը հայտարարել է օդանվակայանում տված մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է Sputnik Արմդենիան Anadolu գործակալության վրա հղումով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում «խաղաղության դարաշրջան բացելու մանդատ» է ստացել ժողովրդին և հետևողական քայլեր է կատարելու այդ ուղղությամբ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---