Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայաստանի Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում նշել է, որ աղոթում է Ամենակարող Աստծուն, որպեսզի օրհնվեն բոլոր այն մարդկանց ջանքերը, ովքեր պատասխանատվությամբ ու լիարժեքորեն աշխատում են հանուն ժողովրդի անվտանգության և բարգավաճման։
«Ձեր երկրի անկախության 30-ամյակի՝ սեպտեմբերի 21-ի տոնակատարության առիթով, Ձեզ եմ հղում ուրախ և ջերմ շնորհավորանքներս, ինչպես նաև բարօրության ու խաղաղության իմ մաղթանքները՝ ուղղված հայ ժողովրդին:
Թող որ աստվածային օրհնությունը լինի Հայաստանի ազգաբնակչության և Ձեզ հետ»,-ասվում է Հռոմի պպաի ուղերձում։
Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94.99 տոկոսը «կողմ» քվեարկեց անկախությանը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ:
1991-ի սեպտեմբերի 21-ը դարձավ Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդյան օրը: Հայ ժողովուրդը կրկին իրավունք ստացավ ինքնուրույն կառուցել իր ապագան, լինել իր հողի տերը, վերագտավ վերջին դարերի ընթացքում կորսված պետականությունը, որը մի քանի տարով ձեռք բերեց 1918-ին: