Գարեգին Բ․ Վերելքի ուղին յուրաքանչյուրիցս պահանջում է պատասխանատվության բարձր գիտակցություն

Գարեգին Բ․ Վերելքի ուղին յուրաքանչյուրիցս պահանջում է պատասխանատվության բարձր գիտակցություն

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը 44-օրյա պատերազմի մեկնարկի առաջին տարելիցի առթիվ հղած իր ուղերձում, նշելով, որ պատերազմը մեծ փորձություն էր, ասել է, որ վերելքի ուղին յուրաքանչյուրիցս պահանջում է պատասխանատվության բարձր գիտակցություն և հայրենանվիրումի ոգի, համախմբում և միասնական ջանքեր՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը, Հայաստանի սահմանները, հաղթահարելու պատերազմով առավել սրված սոցիալական խնդիրները։

«Այսօր, ցավը մեր հոգում, մենք հիշում ենք 44-օրյա աղետաբեր պատերազմի տագնապալի օրերը, մեր բանակի քաջարի դիմադրությունը թշնամու դավադիր հարձակմանը։ Հիշում ենք սխրանքները զինվոր ու սպա մեր զավակների, ովքեր չընկրկեցին թուրք-ադրբեջանական գերակշռող ուժերի առջև:

Պատերազմը մեծ փորձություն էր, որի պատճառած ավերները և մեր ժողովրդի առջև ծառացած լուրջ մարտահրավերները չեն կարող վճռվել ներհասարակական լարվածության ու պառակտվածության պայմաններում։

Այս տեսլականով ջանքեր ներդնենք ազգի համախմբան, անհանդուրժողականության ու անհամերաշխության հաղթահարման։ Քրիստոնեական մեր արժեքներին հավատարմությամբ զորանանք և զորացնենք մեր պետականությունը, ազգային-հասարակական մեր կյանքը՝ ամուր պահելով հույսի, հավատի, սիրո և արդարության ուղիներում։ Մաղթում ենք, որ մեր ժողովրդին միշտ լսելի լինի հայրենիքը պաշտպանելու, միասնական լինելու պատգամը, որ թողնում են մեզ հանուն Արցախի անկախ կյանքի և հանուն մեր լուսավոր ապագայի նահատակված մեր քաջորդիները:

Ի խորոց սրտի աղոթում ենք հայրենյաց պաշտպան մեր զոհված հերոսների համար, հայցում մխիթարություն նրանց հարազատներին, ապաքինում մաղթում վիրավորներին և վերադարձ գերյալներին ու անհայտ կորածներին։ Մեր հայցն է առ Աստված, որ Տիրոջ հանապազ օրհնությունը խաղաղության, ապահով ու անվտանգ կյանքի մեջ պահի մեր ժողովրդի զավակներին ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս, այսօր և միշտ. ամեն»,-ասվում է ուղերձում:

2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Նրան բացահայտ աջակցություն էր ցուցաբերում Թուրքիան։ Հարվածների թիրախում էին ոչ միայն հայկական զորքերն ու ռազմական օբյեկտները, այլև քաղաքացիական շենքերն ու շինությունները, նույնիսկ դպրոցներն ու մանկապարտեզները, ինչպես նաև մշակութային և պատմական կոթողներն ու օբյեկտները։

2021թ. սեպտեմբերի 27-ի դրությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3781 անձ, անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---