ՄԻՊ․ Պատերազմի հենց առաջին օրը հրետակոծությունից իր տան բակում սպանվեց 9-ամյա Վիկտորյա Գևորգյանը

ՄԻՊ․ Պատերազմի հենց առաջին օրը հրետակոծությունից իր տան բակում սպանվեց 9-ամյա Վիկտորյա Գևորգյանը

PanARMENIAN.Net - Արցախի և Հայաստանի դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմն ուղեկցվել է ադրբեջանական աննախադեպ պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններով։ Այդ մասին ասվում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարության մեջ։

ՄԻՊ-ը հիշեցրել է, որ հենց առաջին օրն Արցախի Մարտունի քաղաքի հրետակոծությունից իր տան բակում սպանվեց 9-ամյա Վիկտորյա Գևորգյանը:

«Արցախի խաղաղ բնակիչներ 69-ամյա Գենադի Պետրոսյանը Մադաթաշենից և 82-ամյա Յուրի Ասրյանն Ազոխից դաժանաբար գլխատվեցին. գլխատումների ամբողջ ընթացքը նկարահանել են հենց ադրբեջանական զինվորականները, որ հետո իրենց բացառիկ ցինիզմը տարածեն և արժանանան «փառքի» խրախճանքի:

Պատերազմի ընթացքում ու պատերազմից հետո խոշտանգվեցին ու դաժանությունների ենթարկվեցին քաղաքացիական անձինք ու զինվորականներ՝ ջիհադիստների ու ահաբեկիչների ակտիվ մասնակցությամբ: Ադրբեջանական նպատակային հարձակումներով, արգելված զինատեսակների օգտագործմամբ ավերվեցին քաղաքացիական բնակավայրեր: Անարգվեցին ու ոչնչացվեցին հայկական եկեղեցիներ:

Այս ամենն ուղեկցվում էր սանձարձակ ու ցինիկ պահվածքով հատուկ նկարած տեսանյութերով՝ հայկական սոցիալական ողջ մեդիան դիտավորյալ լցնելով բռնության տեսարաններով:

Covid-19-ի պայմաններում ադրբեջանական հարձակումները մարդկության դեմ ուղղված հանցանքներ էին, որոնք շեշտակիորեն ավելացրին մահվան դեպքերը՝ կաթվածահար անելով Արցախի ու Հայաստանի առողջապահության համակարգերը:

Ողջ նշվածն ուղեկցվում էր հսկայածավալ ատելության ու թշնամանքի քարոզով, որ ադրբեջանական իշխանությունները միայն խրախուսում էին»,-ասվում է հայտարարության մեջ:

Թաթոյանը նշել է, որ տեղի ունեցածը բերում է միանշանակ հետևության. իրականացվել է էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականություն:

«Չպե՛տք է մոռանանք, որ ադերբեջանական պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն այսօր ոչ միայն չի նվազել, այլ ստացել է ծայրահեղական, ֆաշիստական նոր դրսևորումներ:

Մինչ օրս պատերազմական հանցանքի որևէ կատարող չի պատժվել: Եվ քանի դեռ կատարվածի համար մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել, շարունակվելու է ատելության ու թշնամանքի քաղաքականությունը, իրական է լինելու նոր վայրագությունների վտանգը, խաթարված է մնալու մարդկանց խաղաղ ու անվտանգ կյանքը»,-ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ:

2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Նրան բացահայտ աջակցություն էր ցուցաբերում Թուրքիան։ Հարվածների թիրախում էին ոչ միայն հայկական զորքերն ու ռազմական օբյեկտները, այլև քաղաքացիական շենքերն ու շինությունները, նույնիսկ դպրոցներն ու մանկապարտեզները, ինչպես նաև մշակութային և պատմական կոթողներն ու օբյեկտները։

2021թ. սեպտեմբերի 27-ի դրությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3781 անձ, անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---