ԶՊՄԿ նոր բաժնետերն ու կառավարությանը բաժնետոմսերի 15%-ը նվիրողը «Գեոպրոմայնինգն» է

ԶՊՄԿ նոր բաժնետերն ու կառավարությանը բաժնետոմսերի 15%-ը նվիրողը «Գեոպրոմայնինգն» է

PanARMENIAN.Net - Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25%-ը ՀՀ կառավարությանը նվիրաբերած «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը պատկանում է «Գեոպրոմայնինգ Արմենիա» ընկերությանը, որը սեպտեմբերի 30-ին ձեռք է բերել ԶՊՄԿ-ի 60%-ը։

«Արդյունաբերական ընկերությանն» է պատկանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 60%-ը։ ՀՀ կառավարությանը նվիրաբերված 25%-ը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%-ը, որն էլ հետևապես անցել է ՀՀ սեփականությանը։

«Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոն գործարքի իրականացումը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Գեոպրոմայնինգ» ընկերությունը Հայաստանում ներկայություն ունի երկար տարիներ, և մենք արդեն գրեթե 2 տասնամյակ է վստահելի գործընկեր ենք հանդիսանում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար: Ուրախ ենք մեր բիզնեսը Հայաստանում ավելի ընդլայնելու և ԶՊՄԿ-ում մեծամասնական մասնաբաժին ձեռք բերելու հնարավորության կապակցությամբ՝ միաժամանակ առաջարկելով Հայաստանի Հանրապետության 15% բաժնեմասնակցությունը ԶՊՄԿ֊-ի սեփական կապիտալում: Մենք մտադիր ենք ընդլայնել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ և սա ավելի լայն ներդրումային տեսլականի առաջին քայլն է: Այս ամենից կշահի Հայաստանի Հանրապետությունը, ժողովուրդն ու մեր բաժնետերերը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության համար կբացվեն նոր հնարավորություններ: Նպատակ ունենք առաջիկա տարիներին Հայաստանում սկսել նոր պղնձաձուլարանի կառուցումը»։

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն իր հերթին ասել է. «Շնորհակալություն ենք հայտնում «Արդյունաբերական ընկերությանը»՝ Հայաստանի ժողովրդին երկրի խոշորագույն ակտիվներից մեկում մասնաբաժին ունենալու հնարավորություն ընձեռելու համար: Սա տարածված գործելակերպ է հանքարդյունաբերության ոլորտում ամբողջ աշխարհում. այս գործարքը կարող է Հայաստանի ժողովրդին ցույց տալ, թե ինչպես է ժամանակակից աշխարհում գործում իրական հանրային մասնակցությունը և ընդհանուր արժեքների ստեղծումը բիզնես-հանրություն ոլորտում: Վստահ ենք, որ այս համատեղ նախագիծը կդառնա սկիզբ՝ Հայաստանում ավելի լավ կառավարվող, ավելի ընդգրկուն և կայուն հանքարդյունաբերության համար, որի արդյունքում կշահեն թե՛ երկիրը, թե՛ ներդրողները»:

Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, պատրաստակամություն է հայտնել ի սեփականություն ընդունել 412,250.75 հասարակ (սովորական) բաժնետոմս և դրանց կառավարման լիազորությունը վերապահել վարչապետի աշխատակազմին:

Ըստ կառավարության որոշման՝ վարչապետի աշխատակազմը պետք է տասնօրյա ժամկետում «Արդյունաբերական ընկերություն» ՓԲԸ-ի հետ համատեղ սահմանված կարգով ապահովի բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի կնքումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը՝ նվիրաբերող ընկերության միջոցների հաշվին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---