Ինեկոբանկն օտարերկրյա նոր ներդրումներ է ներգրավել՝ աջակցելու ՓՄՁ-ներին

Ինեկոբանկն օտարերկրյա նոր ներդրումներ է ներգրավել՝ աջակցելու ՓՄՁ-ներին

PanARMENIAN.Net - Ինեկոբանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև կնքված EBRD SMEC ծրագրի շրջանակում նախատեսվում է ներգրավել 5 մլն դոլար, որը կուղղվի ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանը, մասնավորապես՝ էներգաարդյունավետ և վերականգնվող էներգիայի ներդրումների խթանման միջոցով։ Տվյալ ծրագրի շրջանակում մատչելի ֆինանսավորման հետ մեկտեղ Ինեկոբանկի հաճախորդները հնարավորություն կունենան նաև ստանալ մինչև 15% դրամաշնորհ Եվրոպական միությունից, որն էլ ավելի կխթանի նոր տեխնոլոգիաների կիրառումը ՓՄՁ-ների շրջանում։

«Փոքր և միջին ձեռնարկությունները հանդիսանում են երկրի տնտեսության շարժիչ ուժը և Ինեկոբանկը մշտապես կարևորում է վերջիններիս խթանմանն ուղղված ներդրումները: Այս գործընթացներում իր ուրույն տեղն ունի մեր վաղեմի գործընկեր ՎԶԵԲ-ը, որի հետ համագործակցությունն ավելի քան 15 տարվա պատմություն ունի», նշում է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը։

Նոր ծրագրի գլխավոր նպատակներից մեկն է օգնել տեղական բիզնեսներին բարելավել մատուցվող ծառայությունների և արտադրանքի որակը՝ համապատասխանեցնելով վերջիններս եվրոպական բարձր ստանդարտներին: Սա հնարավորություն կտա Ինեկոբանկի բիզնես հաճախորդներին մրցունակ լինել եվրոպական շուկաներում որպես արտահանող։ Ծրագրի շրջանակում ՓՄՁ-ները նաև տեխնիկական խորհրդատվություն ստանալու հնարավորություն կունենան, ինչի արդյունքում հնարավոր կլինի բացահայտել լրացուցիչ հեռանկարային ներդրումային ուղղություններ, որոնք կնպաստեն բիզնեսի արդյունավետության և որակի բարձրացմանը։

Օտարերկրյա ներդրումները կարևորագույն ազդեցություն ունեն ինչպես առանձին տնտեսվարողների, այնպես էլ ամբողջ երկրի տնտեսության համար։ 2005թ.-ից ցայսօր Ինեկոբանկը ՎԶԵԲ-ից ներգրավել է մոտ 100 մլն ԱՄՆ դոլարի միջոցներ, որոնք ուղղվել են հիմնականում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ծրագրերի ֆինանսավորմանը։ Համագործակցության շրջանակներում իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնցից առանձնանում են հատկապես կլիմայի համարվողականությանը և բնական ռեսուրսների խնայողաբար օգտագործմանն ուղղված ծրագրերը։

«Վերջին շրջանում հատկապես շատ ակտիվ համագործակցում ենք կանաչ ֆինանսավորման ոլորտում և ՎԶԵԲ աջակցությամբ մեկ այլ ծրագրի շրջանակում միայն 2021թ-ին արդեն իրականացրել ենք ՓՄՁ-ների ավելի քան 5 մլն ԱՄՆ դոլարի էներգախնայող և վերականգնվող էներգիային ուղղված նախագծերի ֆինանսավորում: Վստահ ենք, որ այս ծրագիրը ևս կնպաստի մեր ՓՄՁ հաճախորդների արդյունավետության բարձրացմանը»,- ասել է Ինեկոբանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արտեմ Չիչյանը։

Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն նշել է․ «Այս նոր ֆինանսավորումը կբարելավի հայաստանյան ձեռնարկությունների մրցունակությունը` օգնելով նրանց ներդրումներ կատարել ժամանակակից տեխնոլոգիաներում: Դա ընկերություններին թույլ կտա ամրապնդվել տեղական մակարդակում և օգտվել միջազգային առևտրի հնարավորություններից»:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն ասել է․ «ԵՄ-ն հանձնառու է աջակցել փոքր բիզնեսին՝ համաձայն Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագրի և ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի: «ԵՄ-ն՝ բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գիծ» ծրագիրը կաջակցի կանաչ բիզնեսներին, որոնք, մեր կարծիքով, Հայաստանի ապագան են: ԵՄ-ի ընդհանուր ներդրումը «ԵՄ-ն՝ բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գիծ» ծրագրում, որը ներառում է տարբեր հայկական բանկեր, կազմում է 6 միլիոն եվրո»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---