Գրիգորյան․ Միջանցքներ կամ ճանապարհներ հնարավոր է բացվեն, բայց ՀՀ սուվերեն տարածքի վերահսկողության տակ

Գրիգորյան․ Միջանցքներ կամ ճանապարհներ հնարավոր է բացվեն, բայց ՀՀ սուվերեն տարածքի վերահսկողության տակ

PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքում սուվերեն միջանցք գոյություն ունենալ չի կարող։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ «միջանցքներ կամ ճանապարհներ հնարավոր է բացվեն», բայց ՀՀ սուվերեն վերահսկողության տակ։

«Միջանցքներ կամ ճանապարհներ, Հայաստանում գոյություն ունեցող ճանապարհներ, հնարավոր է, բացվեն, որոնցից կկարողանան օգտվել Ադրբեջանը կամ Թուրքիան՝ Ադրբեջանի հետ կապվելու համար։ Այդպիսի տարբերակ հնարավոր է, բայց այդ ճանապարհները լինելու են ՀՀ սուվերեն տարածքի վերահսկողության տակ»,- ասել է նա։

Գրիգորյանը նշել է, որ հարցի լուծման համար երկխոսություն է հարկավոր։

«Թուրքիայի նախագահն օգտագործել է «միջանցքներ» տերմինը։ Երբ ասվում է՝ «միջանցքներ», մենք հասկանում ենք մի քանի ճանապարհներ, ինչը մեր տրամաբանությանը շատ մոտ է։ Եվ եթե հնարավորություն լինի քննարկելու, երկխոսության հնարավորություն լինի, ապա, կարծում եմ` լուծումներ կգտնենք։ Այսինքն` «միջանցքներ» մենք հասկանում ենք այսպես` Հայաստանում մի քանի ճանապարհներ օգտագործելը»,- ասել է ԱԽ քարտուղարը։

Նա ասել է, որ փոխվարչապետերի մակարդակով միջանցքի հարց չի քննարկվում՝ քննարկվում է բոլոր ճանապարհային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը։

«Մենք ավելի հակված ենք, որ այս պահին գոյություն ունեցող ենթակառուցվածքները կարողանանք օգտագործել, այսինքն՝ Երևան-Թբիլիսի-Բաքու-Ռուսաստան երկաթգիծը, ինչպես նաև Երևան-Նախիջևան-Ջուլֆան, որտեղ ներդրումների անհրաժեշտություն գրեթե չկա։ Այնտեղ մոտ 1 կիլոմետրանոց՝ Հայաստան-Նախիջևան սահմանին մի փոքր մաս է պետք կառուցել։

Ինչպես նաև Ադրբեջանը կարող է Հայաստանի ճանապարհներից օգտվել։ Այսինքն` Ադրբեջանի արևմտյան շրջանները, դա կլինի Տավուշով, թե Սյունիքով, ենթակառուցվածքներն օգտագործեն՝ Նախիջևանի հետ կապվելու համար»,- ասել է Գրիգորյանը՝ հավելելով, որ հայկական կողմը հակված է այս տարբերակին և քննարկում են, որպեսզի փորձեն առաջ գնալ։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու պատրաստակամության մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, ասել է, որ նման հանդիպում կարող է տեղի ունենալ հնարավոր մոտ ապագայում։

«Մենք հայտարարել ենք, որ բարձրագույն մակարդակում պատրաստ ենք հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։ Մեր պատրաստակամությունը մինչև այդ էլ եղել է, եթե իսկապես պատրաստակամություն լինի Ալիևի կողմից, հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում քննարկումներ տեղի կունենան, և հանդիպումը հնարավոր մոտ ապագայում կարող է կայանալ»,- ասել է Գրիգորյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---