Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ

Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է կալանքը վերացնելու պաշտպանների միջնորդությունը։ Այդ մասին հայտնել է Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նման որոշում կայացրել է դատավոր Սևակ Համբարձումյանը, գրում է Sputnik Արմենիան։

«Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանական մասին ծանոթ չենք և միայն ծանոթանալուց հետո գնահատական կտանք։ Չնայած դրան, բնականաբար, վճռաբեկ բողոք կներկայացնենք Հովսեփյանին գրավով ազատ արձակելու մասին»,– ասել է Ալեքսանյանը։

Նրա խոսքով` Հովսեփյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Հատուկ քննչական ծառայությունը սեպտեմբերի 7–ին հայտնել էր, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու համար:

Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ–ն Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը):

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---