Միրզոյան. «Զանգեզուրի միջանցքի» մասին որևէ բառ, պայմանավորվածություն չի եղել

Միրզոյան. «Զանգեզուրի միջանցքի» մասին որևէ բառ, պայմանավորվածություն չի եղել

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Իրանում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԻԻՀ ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ ասել է, որ Հայաստանը հայտարարել և հայտարարում է՝ բաց է կոմունիկացիաները բացելու խոսակցության համար, այնինչ՝ Ադրբեջանը սխալ մեկնաբանությամբ փորձում է խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին, որի վերաբերյալ որևէ բառ, որևէ պայմանավորվածություն չի եղել։

Միրզոյանը նշել է, որ Աբդոլլահիանի հետ հանդիպմանը մանրամասն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական վերջին ագրեսիային և դրա հետևանքներին։

«Նաև, իհարկե, նշել ենք, որ այդ ագրեսիային մասնակցել են վարձկան ահաբեկիչներ՝ բերված զանազան թեժ կետերից։

Նշել եմ, որ բազմաթիվ հումանիտար խնդիրներ են մնացել պատերազմից հետո։ Թեև ռազմական գործողությունների դադարեցման պահից Ադրբեջանը պարտավորվել էր ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին, այնուամենայնիվ՝ նրանք դեռ պահվում են Բաքվում։ Նրանց ազատ արձակումը և հայրենադարձումը պետք է անհապաղ տեղի ունենա։

Նշել եմ, որ մենք պայմանավորվել ենք նաև, որ Հայաստանը և Ադրբեջանը Ռուսաստանի միջնորդությամբ պետք է խոսակցություններ սկսեն տարածաշրջանային կոմունիկացիաների բացման ուղղությամբ, բայց այստեղ ևս կողմերի միջև առկա են խնդիրներ»,-ասել է Միրզոյանը։ Նա հավելել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները վտանգում են տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն ուղղված մեր ջանքերը։

Միրզոյանը նշել է, որ Երևանը բարձր է գնահատում ՀՀ տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։

«Գործընկերոջս տեղեկացրել եմ նաև, որ, ըստ էության, օրեր առաջ Նյու Յորքում վերագործարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման լիարժեք գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո՝ նրանց մանդատի շրջանակներում, հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։

Իհարկե, մեր այսօրվա հանդիպման կարևոր թեմաներից էր նաև տրանսպորտային տարանցման վերջին մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։ Մեծարգո պարոն նախարարին տեղեկացրել եմ ճանապարհաշինության, ինչպես նաև առկա մարտահրավերների հետ կապված մանրամասները։ Տեղեկացրել եմ, որ շրջանցիկ ճանապարհը, որի մասին այդքան խոսվում էր, գրեթե ավարտված է։

Անշուշտ, խոսել ենք նաև տնտեսական մեր մեծ համատեղ ծրագրերը շարունակելու, արագացնելու և ավարտին հասցնելու վերաբերյալ»,-ասել է Միրզոյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար խոսում է «Զանգեզուրի միջանցք» բացելու անհրաժեծտության մաին և նույնիսկ սպառնում է ուժով դա անել, եթե Հայաստանը համաձայնություն չտա։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---