7 հոկտեմբերի 2021 - 15:15 AMT
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և վերջին զարգացումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շնորհավորել նրան ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթել քաջառողջություն և անսպառ եռանդ՝ պետության ղեկավարի բարձր պաշտոնում բոլոր ծրագրերի և նպատակների իրագործման համար:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տիրող իրավիճակին և տեղի ունեցող զարգացումներին:

Վարչապետն ընդգծել է՝ Հայաստանը և հայ ժողովուրդը բարձր են գնահատում Պուտինի ջանքերը և բացառիկ դերակատարումը տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում և երախտագիտություն հայտնել ՀՀ նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար:

Պուտինը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին ջերմ շնորհավորանքի և բարեմաղթանքների համար և ընդգծել, որ Ռուսաստանը մեծապես կարևորում է ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ սերտ համագործակցությունը: