ՀՀ ԱԳՆ․ Հայերը պետք է անարգել մտնեն Շուշիի Մայր տաճար

ՀՀ ԱԳՆ․ Հայերը պետք է անարգել մտնեն Շուշիի Մայր տաճար

PanARMENIAN.Net - Շուշիի Մայր տաճարը Արցախում Հայ առաքելական եկեղեցու կարևոր կենտրոններից է և հայ եկեղեցու սպասավորներն ու հետևորդները պետք է անարգել մուտք ունենան այդ սրբատեղի: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի կրկնակի ռմբակոծման տարելիցին։

«2020թ. հոկտեմբերի 8-ին Արցախի և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը գերճշգրիտ զինատեսակներով կրկնակի օդային հարվածներ հասցրին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին՝ վերջինիս պատճառելով զգալի ավերածություններ:

Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հաշված օրեր անց նույն եկեղեցին ենթարկվեց վանդալիզմի և սրբապղծման։ Շուշիի Մայր տաճարի ֆիզիկական վնասմանը զուգահեռ Ադրբեջանը չի դադարում փորձերը` խեղաթյուրելու եկեղեցու հայկական ինքնությունը, որն իրականացվում է վերանորոգման պատրվակով եկեղեցու ճարտարապետական տեսքի փոփոխման միջոցով:

Պաշտամունքի վայրի կրկնակի դիտավորյալ հրթիռակոծումը ոչ միայն միջազգային իրավունքով, մասնավորապես՝ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայով և դրան կից երկրորդ արձանագրությամբ (1999 թ.) դատապարտելի հանցագործություն է, այլ նաև մտադրությունների խորհրդանշական բացահայտում․ այն Արցախի տարածքում հայկական ներկայության ցանկացած հետքի բնաջնջմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության ակնհայտ դրսևորում է»,-ասվում է ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայից մեկ տարի անց Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում գտնվող մոտ 1500 պատմամշակութային ժառանգության և պաշտամունքի վայրերի, ինչպես նաև հազարավոր թանգարանային նմուշների ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ և վտանգված:

«Բազմաթիվ են ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական եկեղեցիների, մշակութային և կրոնական այլ հուշարձանների միտումնավոր ոչնչացման և վանդալիզմի փաստագրված դեպքերը։ Բացի այդ, դրանց ֆիզիկական ոչնչացման հետ մեկտեղ ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից հետևողական կերպով իրականացվող պատմական փաստերի կեղծմանը և հայկական հուշարձանների ինքնության խեղաթյուրմանը:

Այս համատեքստում, թերևս, պատահական չէ, որ Ադրբեջանը շարունակում է արգելափակել կամ հնարավորինս սահմանափակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության մուտքը դեպի վտանգված հայկական մշակութային ժառանգության վայրեր` փորձելով կոծկել իր կողմից գործած պատերազմական հանցագործությունները»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ ժողովուրդների մշակութային ու հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմամշակութային հուշարձանների և պաշտամունքի վայրերի դեմ ուղղված վայրագությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքը, հակասում են համամարդկային արժեքներին և խստագույնս դատապարտելի են։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---