Իրանի ԱԳՆ․ Հստակ տեղեկատվություն ունենք Ադրբեջան ահաբեկիչների տեղափոխման մասին

Իրանի ԱԳՆ․ Հստակ տեղեկատվություն ունենք Ադրբեջան ահաբեկիչների տեղափոխման մասին

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ հստակ տեղեկատվություն ունեն Ադրբեջան ահաբեկչական խմբերի տեղափոխման մասին։

«Իրանը նույնսիկ նրանց խոսակցությունների աուդիոֆայլեր է ստացել և պահում է նրանց հետախուզության տեսադաշտում։ Մենք ասել ենք ադրբեջանական կողմին, որ դա անընդունելի է մեզ համար։ Նրանք ամենաբարձր մակարդակով խոստացել են վերացնել այդ մտավախությունները»,-ասել է նա Իրանի ազգային ռադիոյին տված հարցազրույցում։

Հաթիբզադեն նշել է, որ Ադրբեջանի հետ շատ լավ, բարի ու բազմակողմ հարաբերություններ են ձևավորված և երկու կողմի պաշտոնյաների փոխադարձ այցերը շարունակվում են։

«Տարածաշրջանում կան երրորդ ուժեր, որոնք չեն ցանկանում, որ Իրանն ու Ադրբեջանը բարեկամական հարաբերություններ ունենան։ Ուստի, նրանք ֆեյք կամ կեղծ նորություններ են հրապարակում և փորձում են օգուտ քաղել երկու երկրում մարդկանց տրամադրություններից՝ սեփական շահից ելնելով»,-ասել է Հաթիբզադեն։

«Մամուլի ասուլիսում ես հիշատակեցի, որ մեր հարաբերությունները հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ բնական են, իսկ դրանց բացակայությունը՝ անբնական։ Խոսելով Կովկասում իրադարձությունների մասին՝ մենք կարևորել ենք հարևան երկրների իրավունքների իրացման քաղաքականությունը։ Այդ համատեքստում ողջունել ենք Ադրբեջանի իրավունքի իրացումը, բայց չենք համարել, որ պատերազմը ճիշտ միջոց է և ընդգծել ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը։ Իրանն ու ՌԴ-ն սատարել են հակամարտող կողմերի միջև բանակցություններին»,-ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա նշել է նաև, որ Իրանն ու ՌԴ-ն նպաստել են պատերազմող կողմերի միջև դիվանագիտայան բանակցությունների անցկացմանը՝ նկատի ունենալով Ադրբեջանի և ՀՀ 2020թ․ աշնան պատերազմը Լեռնային Ղարաբաղում։

44-օրյա պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանը հայտարարել է, որ, ըստ իր տեղեկատվության, Թուրքիան սիրիացի վարձկաններ է բերել Ադրբեջան։ Թուրքիան և Ադրբեջանը ժխտում են դա, սակայն, միջազգային մամուլում բազմիցս են այդ փաստը հաստատող ապացույցներ հրապարակվել։ Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործումը հաստատել են նաև Ֆրանսիան, ԵՄ-ն և Պենտագոնը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---