12 հոկտեմբերի 2021 - 18:50 AMT
Կաթողիկոսն ու Ռուսիո պատրիարքը քննարկել են խաղաղության հաստատումն Արցախում

Երկօրյա այցով Մոսկվայում գտնվող Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլը քննարկել են խաղաղության հաստատման գործընթացը Լեռնային Ղարաբաղում։

Զրույցի ընթացքում քննարկվել են մի շարք ակտուալ հարցեր, ասվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Այսօր հայ ժողովրդի և Հայաստանի համար ծանր ժամանակներ են, սակայն, մենք հավատում ենք, որ Աստծո օգնությամբ և բարեկամ երկրների, առաջին հերթին ՌԴ, աջակցության շնորհիվ, մենք կկարողանանք հաղթահարել այս փորձությունը»,-ասել է կաթողիկոսը։

Քննարկվել են նաև Հայ Առաքելական եկեղեցու և Ռուս Ուղղափառ եկեղեցու երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը պարգևատրել է Ամենայն Հայոց կաթողիկոսին ՌՈւԵ «Փառքի և պատվի» 1-ին աստիճանի շքանշանով՝ ՀԱԵ և Մոսկվայի պատրիարքարանի միջև բարեկամական կապերի զարգացման համար, ինչպես նաև կաթողիկոսի 70-ամյա տարեդարձի կապակցությամբ։

Նշվում է, որ հոկտեմբերի 13-ին կայանալու է Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Կովկասի Մահմեդականների հոգևոր վարչութան նախագահ, շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպումը՝ նվիրված ղարաբաղյան կարգավորման թեմային։

Երկօրյա այցով Մոսկվայում գտնվող Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին ուղեկցում են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ի. գ․ դ․ Գևորգ Դանիելյանը և Մայր Աթոռի Կաթողիկոսական գրասենյակի տնօրեն Տ. Վահրամ ավագ քահանա Մելիքյանը: