Standard&Poors-ը ՀՀ-ին շնորհել է B+ սուվերեն վարկանիշ՝ «դրական» հեռանկարով

Standard&Poors-ը ՀՀ-ին շնորհել է B+ սուվերեն վարկանիշ՝ «դրական» հեռանկարով

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին Standard&Poors վարկանշային կազմակերպությունն առաջին անգամ վարկանշել է Հայաստանի կառավարությանը և շնորհել արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման B+ սուվերեն վարկանիշ՝ «դրական» հեռանկարով:

Բացի երկարաժամկետ պարտավորությունների թողարկման վարկանիշից, Standard&Poors-ը շնորհել է նաև արտարժույթով և ազգային արժույթով կարճաժամկետ պարտատոմսերի թողարկման B մակարդակի վարկանիշ, ինչպես նաև որոշել է փոխանցման և փոխարկելիության երկրի գնահատականը. այն սահմանվել է BB-:

Վերջինս մեկ մակարդակով բարձր է երկրի սուվերեն վարկանիշից, որի շնորհիվ Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկություններն ու ֆինանսական հաստատությունները Standard&Poors-ի կողմից վարկանշվելու դեպքում կարող են ստանալ երկրի սուվերեն (B+) վարկանիշից մեկ մակարդակ բարձր՝ (BB-) վարկանիշ, տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Հայաստանի սուվերեն վարկանիշի «դրական» հեռանկարն արտացոլում է Standard&Poors-ի կարծիքն այն մասին, որ Հայաստանում տնտեսության վիճակի բարելավմանն ուղղված ռիսկերը գերակշռում են և առաջիկա 12 ամիսների ընթացքում կարող են հանգեցնել Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացման:

Standard&Poors-ը նշել է, որ եթե հետագա 2-3 տարիների ընթացքում Հայաստանում տնտեսական աճի իրենց սպասումներն արդարացվեն, արտաքին խոցելիությունը նվազի և պետբյուջեի կատարողականը լինի իրենց սպասածից ավելի դրական, դա կբերի երկրի սուվերեն վարկանիշի բարելավման: Standard&Poors-ն ակնկալում է, որ Կառավարության 5-ամյա ծրագրի իրագործումը կհանգեցնի ավելի արագ տնտեսական աճի և արտաքին լեվերիջի կրճատման:

Հայաստանի սուվերեն B+ վարկանիշը հիմնված է Standard&Poors-ի փորձագետների այն գնահատականների վրա, որ, չնայած արտաքին էական ճնշումներին, Հայաստանը հաղթահարեց համավարակի և ռազմական կոնֆլիկտի հետևանքները՝ առանց վտանգելու երկրի տնտեսական կայունությունը: Standard&Poors-ը տնտեսության այս ճկունությունը (դիմակայությունը) վերագրում է, գոնե, մասամբ, հուսալի հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կառուցակարգերին: Հարկաբյուջետային խոհեմ քաղաքականության արդյունքում կուտակված հարկաբյուջետային միջոցների հաշվին իշխանությունները էական աջակցություն են ցուցաբերել համավարակի հետևանքով տուժած տնտեսությանը՝ միաժամանակ պահպանելով երկրում ֆինանսական կայունությունը: 2020թ.-ի լուրջ և սինխրոնիզացված ցնցումներին դիմակայելուն նպաստել է նաև Հայաստանի կենտրոնական բանկը՝ իր ճկուն դրամավարկային քաղաքականությամբ:

Միջազգային խոշորագույն վարկանշային կազմակերպության՝ Standard&Poors-ի մուտքը Հայաստան նշանակում է, որ ավելանում է ՀՀ մակրոտնտեսական իրավիճակն ու ռիսկերը, գործող ինստիտուտների ճկունությունն ու նրանց կողմից վարվող քաղաքականությունների արդյունավետությունը օբյեկտիվորեն գնահատող ևս մեկ միջազգային կառույց։ Դա միանշանակ կօգնի շահել ինստիտուցիոնալ ներդրողների վստահությունը և դրական ազդեցություն կունենա հետագայում տեղաբաշխվելիք եվրոպարտատոմսերի եկամտաբերության վրա։

Standard&Poors-ի հետ Հայաստանի գործակցությունը կնպաստի ՀՀ-ում կապիտալի շուկայի զարգացմանը և կարագացնի այդ ոլորտում բարեփոխումների ընթացքը՝ հաշվի առնելով, որ սուվերեն վարկանիշը ձեռք է բերվել նաև մասնավոր հատվածի ընկերությունների համար վարկանիշ ստանալու հնարավորություն ապահովելու և դրա ներքո տեղական և միջազգային կապիտալի շուկաներ դուրս գալու նպատակով:

Standard&Poors-ի կողմից սուվերեն վարկանիշի ստացումը կնվազեցնի Հայաստանի մասնավոր հատվածի ընկերությունների համար վարկանիշի ստացման հետ կապված ծախսերը, քանի որ սուվերեն վարկանիշի բացակայության դեպքում մասնավոր ընկերության վարկանիշ ստանալու գինն իր մեջ ներառում է նաև սուվերեն ռիսկի գնահատումը, հետևաբար, նաև ծախսերը:

Standard&Poors-ի սուվերեն վարկանիշի ստացումը հեռանկարում թույլ կտա նաև այդ կազմակերպության հետ համագործակցությամբ ՀՀ համար մշակել վարկանիշային ազգային սանդղակ՝ հաշվի առնելով նմանատիպ սանդղակների մշակման Standard&Poors-ի հարուստ փորձը: Սա կարող է նոր խթան դառնալ մեր երկրում բիզնեսի թափանցիկության և կառավարման ստանդարտները բարձրացնելու համար։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---