ԱԱԾ․ 700 քաղաքացու Covid-19-ի դեմ պատվաստման կեղծ հավաստագիր է տրվել

ԱԱԾ․ 700 քաղաքացու  Covid-19-ի դեմ պատվաստման կեղծ հավաստագիր է տրվել

PanARMENIAN.Net - Շիրակի մարզպետարանի ենթակայության «Գյումրիի Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկա ՓԲ ընկերության մի խումբ բուժաշխատակիցներ, 2021-ի ապրիլից մինչև օրս ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ ՀՀ այլ տարածքներում բնակվող ավելի քան 700 քաղաքացու փաստացի չեն պատվաստել սահմանված դեղատեսակներով և դեղաչափերով, փոխարենը` կազմել և հաստատել են կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող, իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր՝ սերտիֆիկատներ, որոնք մուտքագրել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգ, հայտնում է ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ բժշկական սպասարկում իրականացնող աշխատակիցները նշված ակնհայտ ապօրինի գործողությունների համար յուրաքանչյուր քաղաքացուց ստացել են 5000-10,000-ական դրամի չափով կաշառք, իսկ պատվաստանյութերը ոչնչացվել են:

Քրեական գործի նախաքննությամբ կատարվել են մեկ տասնյակից ավելի խուզարկություններ, հայտնաբերվել և առգրավվել են քաղաքացիների կողմից որպես կաշառք տրված գումարները, ձեռք են բերվել այն անձանց տվյալները պարունակող ցուցակները, ովքեր փաստացի պատվաստված չլինելու պայմաններում ստացել են կեղծ սերտիֆիկատներ:

Ձերբակալվել է նույն բժշկական հաստատության 6 աշխատակից, որոնք էլ տվել են խոստովանական ցուցմունքներ` տեղեկություններ ներկայացնելով ինչպես կիրառված հանցավոր մեխանիզմի, այնպես էլ որպես կաշառք ստացած գումարների և փաստացի կեղծ սերտիֆիկատներ ստացած անձանց վերաբերյալ:

Ձեռնարկվում են քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ պատվաստման փաստը հաստատող կեղծ սերտիֆիկատներ ստացած բոլոր քաղաքացիներին հայտնաբերելու, նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու, հակաօրինական վարքագիծ դրսևորած անձանց ամբողջական շրջանակն ու հանցավոր մեխանիզմում յուրաքանչյուրի դերակատարությունը պարզելու, ինչպես նաև նրանց նկատմամբ պատասխանատվության խստագույն միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ:

Միաժամանակ, քաղաքացիներին կոչ է արվում զերծ մնալ պատվաստման վերաբերյալ կեղծ սերտիֆիկատներ ստանալուն ուղղված հակաօրինական գործողություններից։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---