Փոխվարչապետ․ Սահմանին գազի գնի և ՀՀ-ում գործող սակագնի հետ կապված կա կոնսենսուս

Փոխվարչապետ․ Սահմանին գազի գնի և ՀՀ-ում գործող սակագնի հետ կապված կա կոնսենսուս

PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ սահմանին գազի գնի և ՀՀ տարածքում գործող սակագնի հետ կապված կա կոնսենսուս։ Նա հավելել է, որ գազի գնի շուրջ բանակցությունները շարունակական պրոցես են։

«Իրականության մեջ դա չի ընդհատվում ու այս պահին էլ ընթանում է․․․ 2019 թվականից ծանր ու երկարատև բանակցությունների մեջ ենք եղել, կարծում եմ՝ բավականին խորը քննարկել ենք այդ հարցն ու որոշակի իմաստով համաձայնեցրել ենք», - լրագրողների հետ զրույցում ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Գրիգորյանի խոսքով՝ 2013-ի համաձայնագրի հիման վրա կառուցվել է 5-րդ էներգաբլոկը, որը ջերմակայան է։

«Կայանը, ցավոք, հիմա չի աշխատում, միևնույն ժամանակ, բոլոր ներդրումները, որ իրականացվում են Հայաստանում «Գազպրոմ» խմբի կողմից, նույն 2013-ի համաձայնագրի ուժով պետք է ունենան տարեկան մոտ 9 տոկոս եկամտաբերություն։ Բնականաբար, կայանի կառուցումը լուրջ ու խոշոր ներդրում է, բայց դա այսօր չի գեներացնում այն հասույթը, որը կապահովի այն եկամտաբերությունը, որը պայմանավորված է 2013-ի համաձայնագրով, այդ հարցը մնացել է օրակարգում ու շարունակվում է քննարկվել։

Եթե հաջողվի այդ հարցին լուծում գտնել, ապա մենք կունենանք շատ կայուն իրավիճակ գազի գնի հետ կապված, չնայած, գիտեք, որ աշխարհում գինն առնվազն 940 դոլարի է հասել մեր 165-ի պարագայում։ Բայց, նույնիսկ այդ պարագայում, խնդիրներ չեն առաջանալու մոտակա տեսանելի ժամանակահատվածում, եթե մեզ հաջողվի 5-րդ էնեգաբլոկի հետ կապված լուծումներ գտնել ու աշխատանքի այնպիսի օպտիմալ ռեժիմ գտնել, որը կապահովի 2013 թվականի համաձայնագրից բխող տրամաբանությունը», - ասել է փոխվարչապետը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է նաև ապաշրջափակման խնդրին, որը քննարկվելու է հոկտեմբերի 20-ին Մոսկվայում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---