ՄԱԿ-ում ՀՀ-ն 8 հայտագիր է շրջանառել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ

ՄԱԿ-ում ՀՀ-ն 8 հայտագիր է շրջանառել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ

PanARMENIAN.Net - Ժնևում կայացած ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 48-րդ նստաշրջանում Հայաստանը 8 հայտագիր է շրջանառել, որոնք հիմնականում անդրադառնում էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի համատեքստում Ադրբեջանի իրականացրած մարդու իրավունքների խախտումներին։

Նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը նախաձեռնել է նաև համատեղ հայտարարություն, որին միացել է 19 պետություն ՄԱԿ բոլոր տարածաշրջանային խմբերից:

Հայտարարության մեջ նշվում էր, որ ռազմագերիներն ու կալանավորված քաղանձիք պետք է անհապաղ ազատ արձակվեն և հայրենադարձվեն ռազմական գործողությունների ավարտից հետո, իսկ միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է պատանդառությունը, ռազմագերիների և կալանավորված անձանց երկարաձգված բանտարկումը՝ նրանց սակարկման առարկա դարձնելու նպատակով, գրում է Factor.am-ը։

ՀՀ պատվիրակությունը հանդես է եկել նաև 41 ազգային ելույթով՝ անդրադառնալով նստաշրջանի ընթացքում քննարկվող հիմնական թեմաներին, ինչպես նաև ներկայացնելով ՀՀ փորձն ու վերահաստատելով մարդու իրավունքների պաշտպանության Հայաստանի հանձնառությունը: Հայաստանի ելույթներն անդրադառնում էին Արցախի բնիկ հայ բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի շարունակվող հետևանքներին, ինչպես նաև ՀՀ միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքի նկատմամբ այդ երկրի ոտնձգությունների արդյունքում մարդու իրավունքների, այդ թվում՝ կյանքի իրավունքի բազմաթիվ խախտումներին:

Վարձկանների հարցերով ՄԱԿ աշխատանքային խմբի ուշադրությունը հրավիրվել է Մերձավոր Արևելքից զինյալ ահաբեկիչների տեղափոխման հարցով հետևողական և մանրազնին քննություն անցկացնելու անհրաժեշտությանը:

Բռնի անհետացման հարցերով ՄԱԿ աշխատանքային խմբի հետ երկխոսության ընթացքում ՀՀ կողմից շեշտադրվել է Ադրբեջանի անմիջական պատասխանատվությունը բազմաթիվ անհետ կորածների համար, որոնց մասով կան ադրբեջանական գերության մեջ լինելու անհերքելի վավերագրական ապացույցներ:

ՀՀ կողմից ներկայացվել են նաև ռասայական խտրականության, ռազմատենչ հայտարարությունների և հայատյացության լայնածավալ քարոզի դեպքերը, որոնք հղի են բռնության հրահրման սպառնալիքով: ՀՀ-ն տեղեկացրել է, որ դիմել է Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ Ռասայական խտրականության վերացման մասին միջազգային կոնվենցիայի դրույթների և պահանջների հետագա խախտումը և սրացումն անհապաղ կանխելու նպատակով:

Այս առումով Հայաստանն ընդգծել է, որ մարդու իրավունքների ՄԱԿ մեխանիզմները և հատուկ ընթացակարգերը պետք է կարևոր կանխարգելիչ դերակատարում ստանձնեն: Մինչդեռ, Ադրբեջանը արհամարհում է ՄԱԿ ընթացակարգերի հաղորդագրություններն և հարցումները։

Հայաստանը համահեղինակել է մի շարք բանաձևեր՝ հատկապես կարևորելով դրանցում քաղաքական և քաղաքացիական մասնակցության, ազատ և արդար ընտրությունների, համավարակի պայմաններում մարդասիրական հրադադար հաստատելու և պահպանելու շեշտադրումները:

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 48-րդ նստաշրջանը տեղիէ ունեցել 2021թ-ի սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 11-ը Ժնևում։ ՄԻԽ հաջորդ՝ 49-րդ նստաշրջանը կմեկնարկի 2022թ.-ի փետրվարին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---