Հանցավոր խումբը գումար է հափշտակել 44-օրյայի մասնակիցների կեղծ ցանկեր տրամադրելով

Հանցավոր խումբը գումար է հափշտակել 44-օրյայի մասնակիցների կեղծ ցանկեր տրամադրելով

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեն տեղեկացնում է 44-օրվա պատերազմի մասնակիցների անվան տակ գործող հանցավոր խմբի բացահայտման մասին։

Ըստ հաղորդագրության, խմբում գործել է նախկին պայմանագրային զինծառայող, ինչպես նաև «Երդվյալ մահապարտներ» ՀԿ-ի փոխնախագահը, նախագահը ու Սևանի տարածքային ստորաբաժանման ղեկավարը։

Նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո նրանք այցելել են պատերազմի հետևանքով հակառակորդի վերահսկողության տակ անցած Արցախի ՊԲ N զորամասերի ժամանակավոր տեղակայման վայրեր։ Այնտեղ նրանք ներկայացել են որպես ռազմական վերահսկողության ծառայության աշխատակիցներ և համալրման բաժանմունքների աշխատակիցներին ներկայացրել են միության անդամներ հանդիսացող, սակայն ռազմական գործողություններին ընդհանրապես մասնակցություն չունեցած թվով 30 անձանց, ինչպես նաև՝ նշված գործողություններում ընդգրկված 8 անձանց մասնակցության օրերի քանակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ:

Դրանց հիման վրա համալրման բաժանմունքների աշխատակիցների կողմից կազմվել են համապատասխան տեղեկանքներ և այդ հիմքով զորամասերի ֆինանսական ծառայությունների կողմից հավելյալ հաշվարկվել և նշված 38 անձանց անվամբ փոխանցվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որը վերջիններիս կողմից կանխիկացվելուց հետո հանցավոր խմբի անդամների կողմից հափշտակվել է։

Ձերբակալվել է երեք անձ։ Մեղադրանք է առաջադրվել ընդհանուր հինգ անձի, որոնցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---