ՄԻՊ-ը՝ Ֆրանսիայի դեսպանին․ Դելիմիտացիան և դեմարկացիան, առանց անվտանգային գոտու, նոր լարվածության պատճառ կդառնան

ՄԻՊ-ը՝ Ֆրանսիայի դեսպանին․ Դելիմիտացիան և դեմարկացիան, առանց անվտանգային գոտու, նոր լարվածության պատճառ կդառնան

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոյի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ միայն դելիմիտացիան և դեմարկացիան` առանց անվտանգության գոտի ստեղծելու, առանց ադրբեջանական զինված ծառայողների հեռացման, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ: Այդ մասին Թաթոյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Թաթոյանը դեսպանին է ներկայացրել փաստեր, որոնք հաստատում են ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները:

Նա նշել է, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը պետք է դիտարկվեն մարդու իրավունքների տեսանկյունից, որպեսզի դրանք երկրորդական պլան չմղեն, չսահմանափակվեն այդ իրավունքները պաշտպանելու պետության հնարավորությունները և որ մարդու իրավունքներն ու անվտանգությունը ոչ թե հակադրվում, այլ լրացում են իրար:

ՄԻՊ-ը մանրամասնել է, որ ադրբեջանական հանցավոր արարքների հետևանքով մարդիկ զրկվել են նույնիսկ դեռ խորհրդային ժամանակներից իրենց պատկանող տներից, հողատարածքներից, խոտհարքերից, որի հետևանքով առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլ նաև անվտանգային լուրջ խնդիրներ:

Պաշտպանը նշել է, որ Ադրբեջանի ԶՈւ կողմից ՀՀ քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումների սնուցման աղբյուրը, գլխավոր պատճառն ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը պատերազմից հետո հասել է ծայրահեղական դրսևորման՝ ֆաշիզմի աստիճանի: Նման քաղաքականության պայմաններում առավել ևս անվտանգության գոտին խիստ անհրաժեշտություն է: Ընդ որում, դա արտացոլվել է միջազգային փաստաթղթում՝ ԵԵԽՎ 2021 թվականի սեպտեմբերի 27-ի բանաձևում:

ՄԻՊ-ը շեշտել է, որ Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի, իսկ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում: Կողմերը համատեղ աշխատանքի ոլորտների ընդլայնման պայմանավորվածություններ են ձեռք բերել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---