28 հոկտեմբերի 2021 - 17:30 AMT
Գրիգորյան․ Այժմ հստակ չէ՝ որ քարտեզն է հիմք ընդունվելու սահմանազատման համար

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, կառավարության նիստից հետո անդրադառնալով սահմանազատման հարցին, ասել է, որ այս պահին հստակություն չկա, թե որ քարտեզն է հիմք ընդունվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման համար։

Նա շեշտել է, որ իրավական հիմք ունեցողը 20-ականների քարտեզն է, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Քարտեզների միջև տարբերություն կա։ Քարտեզ ասելով, երբ մենք նկատի ունենք իրավական հիմքով քարտեզը, միակ իրավական հիմք ունեցող հիմնական քարտեզը 20-ականների քարտեզն է, մի մասն ասում է՝ 26 թվականի, մի մասն ասում է՝ 29 թվականի։ Այս հարցում միասնական մոտեցում չկա, բայց հիմնական քարտեզը դա է», - մանրամասնել է Գրիգորյանը:

Ըստ Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ Խորհրդային Միության տարիներին առաջին դեմարկացիայի գործընթացը հենց 20-ականներին է սկսվել, և հետագայում ձևավորված քարտեզների հիմքը եղել է այդ թվականների քարտեզը:

«Խորհրդային Միության տարիների առաջին դեմարկացիայի գործընթացը հենց 20-ականներին է սկսվել՝ 26-27-ին, ավարտվել է 29-ին, և դրանից հետո հետագայում ձևավորված քարտեզների հիմքը եղել է հենց այդ թվականների քարտեզը», - նշել է նա:

Անվտանգության խորհրդի քարտուղարը շեշտել է, որ հայկական կողմի համար որևէ խանգարող հանգամանք չկա սահմանազատման ու սահմանագծման գործընթաց սկսելու համար: Արմեն Գրիգորյանը հիշեցրել է, որ Հայաստանը պատրաստ է դեմարկացիայի ու դելիմիտացիայի։ Հայկական կողմը սպասում է դրական ազդակի. «Սպասում ենք դրական ազդակ այդ մասով Ադրբեջանից, կարծես թե սեպտեմբերին ՄԱԿ-ում նրանք այդպիսի հայտարարություն արել են, բայց մենք չենք կարողանում այդ մասով առաջ գնալ»,-ասել է նա:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման խնդիրներին, հայտարարել էր, որ առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ ոչինչ անել։ Նա ասել էր, որ քարտեզները գտնվում են ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբում։