Օվերչուկ․ Ճանապարհների ինքնավարությունը մնում է այն երկրների իրավասությանը, որոնց տարածքով դրանք անցնում են

Օվերչուկ․ Ճանապարհների ինքնավարությունը մնում է այն երկրների իրավասությանը, որոնց տարածքով դրանք անցնում են

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը անդրադառնալով ապաշրջափակմանը, նշել է, որ ճանապարհների ինքնավարությունը մնում է այն երկրների իրավասությանը, որոնց տարածքով դրանք անցնում են:

Վարչապետը նշել է, որ բարձր է գնահատում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային հանձնաժողովի աշխատանքը և հուսով է, որ, ի վերջ, կհաջողվի հանգել կոնկրետ լուծումների:

Նա նշել է, որ ՀՀ-ն հավատարիմ է նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարություններին, որոնք վերաբերում են տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը:

«Բայց ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են միջանցքներին, բացասական են ազդում մեր աշխատանքի արդյունավետության և մթնոլորտի վրա, հատկապես հաշվի առնելով, որ մեր եռակողմ հայտարարություններում միջանցքների մասին որևէ խոսք չկա: Իմ տպավորությունն այն է, որ Ադրբեջանը փորձում է պարտադրել իր ընկալումները հանձնաժողովին և դա, իհարկե, անընդունելի է մեզ համար»,-ասել է նա:

Փաշինյանը մեկ անգամ ևս ասել է, որ ՀՀ-ն պատրաստ է գնալ կոնկրետ լուծումների, որոնց էությունը պետք է լինի հետևյալը. Հայաստանը պետք է ստանա ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության ուղիներ Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանը պետք է ստանա երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության ուղիներ Հայաստանի տարածքով, այդ թվում՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող:

Փաշինյանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ համաձայն հունվարի 11-ի հայտարարության կողմերը պետք է նաև բանակցեն մաքսային հսկողության, ֆիտոսանիտարական հսկողության, սահմանային հսկողության և հսկողության այլ հնարավոր տեսակների շուրջ:

Օվերչուկը նշել է, որ աշխատանքային խումբն անցկացրել է 8 հանդիպում, որոնցից 4-ը՝ առկա ռեժիմում, մյուս չորսը՝ տեսակապի:

«Դուք գիտեք, որ աշխատել են նաև ճանապարհաշինության ոլորտի փորձագետներ, որոնք հետազոտել են ճանապարհները: Այսօր ունենք շատ լավ պատկերացումներ, թե իրականում ինչպիսին է ճանապարհների վիճակը: Հենվելով այդ տվյալների վրա՝ հոկտեմբերի 22-ին անցկացրած համատեղ աշխատանքային խմբի 8-րդ նիստից հետո, մեզ թվում է, կհանգենք կոնկրետ լուծումների: Դրանք առաջին հերթին հիմնվում են նրա վրա, որ ճանապարհների ինքնավարությունը մնում է այն երկրների իրավասությանը, որոնց տարածքով դրանք անցնում են:

Նաև Դուք հիշատակեցիք, և դա նույնպես հայտարարությունների մեջ է, այն մասին, որպեսզի բոլոր տեսակի հսկողություններն իրականացվեն: Մենք պայմանավորվել ենք, որ այդպիսի հսկողություն պետք է իրականացվի հավասարության հիմունքներով, դա նույնպես քննարկել ենք, այդ թվում՝ այն մասին, թե ինչպես, ինչից պետք է սկսել ավտոմոբիլային ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Ցանկանում ենք Ձեզ հետ այսօր դա քննարկել և մտածել, թե ինչպես շարժվել առաջ»,- ասել է Օվերչուկը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---