ԱԳՆ․ ՀՀ-Սաուդյան Արաբիա փոխգործակցության համար դրական մթնոլորտ կա

ԱԳՆ․ ՀՀ-Սաուդյան Արաբիա փոխգործակցության համար դրական մթնոլորտ կա

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցը Սաուդյան Արաբիա՝ «Ապագա ներդրումային նախաձեռնություն» համաժողովին մասնակցելու նպատակով, և նրա հանդիպումը թագաժառանգ Մուհամմադ բին Սալման աս-Սաուդի հետ մեծապես կնպաստեն հայ-սաուդական միջպետական հարաբերությունների առաջընթացին, վստահեցրել են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, տեղեկացնում է «Արմենպրեսը»։

Նշվել է նաև, որ չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, վերջին տարիներին արձանագրվել են հայ-սաուդական տարբեր մակարդակի շփումներ, հետևաբար այս գործընթացն առկա է տևական ժամանակ։ «Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ սաուդական կողմի հետ փոխգործակցության համար ձևավորվել է դրական մթնոլորտ»,-հայտնել են ԱԳՆ-ից։

Պատասխանելով այն հարցին, թե ՀՀ նախագահի առաջին այցը Սաուդյան Արաբիայի Թագավորություն ինչ-որ կերպ կնպաստի՞ այդ երկրի և ՀՀ միջև միջպետական դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը կամ այդ ուղղությամբ առաջընթացի հասնելուն կամ կարո՞ղ է լավ նախադրյալներ ստեղծել դրա համար՝ ԱԳՆ-ից նշել են, որ ՀՀ անկախությունից ի վեր Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հետ հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից են՝ հաշվի առնելով ինչպես Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը տարածաշրջանի նկատմամբ, այնպես էլ գոյություն ունեցող պատմամշակութային խորը կապերը:

«ՀՀ-ն որդեգրել է տարածաշրջանի երկրների հետ առկա կապերի ամրապնդմանն ու խորացմանը, տարածաշրջանի երկրների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնմանն ուղղված քաղաքականություն, ինչն ամրագրված է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում:

Այս տեսանկյունից՝ վստահ ենք, որ «Ապագա ներդրումային նախաձեռնություն» խորագրով միջազգային ֆորումին մասնակցության նպատակով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Սաուդյան Արաբիա և հանդիպումը թագաժառանգ Մուհամմադ բին Սալման Ալ Սաուդի հետ մեծապես կնպաստեն հայ-սաուդական միջպետական հարաբերությունների առաջընթացին»,-ասվում է ԱԳՆ պատասխանի մեջ։

2021 թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել էր Սաուդյան Արաբիա՝ էր-Ռիյադում մասնակցելու «Ապագա ներդրումային նախաձեռնություն» 5-րդ համաժողովին: Նախագահը ֆորումի շրջանակներում հանդիպել էր Սաուդյան Արաբիայի փաստացի ղեկավարի՝ թագաժառանգ, փոխվարչապետ և պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման աս-Սաուդի հետ և նրա հետ զրուցել Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության և դրանց ապագայի մասին: Նախագահի աշխատանքային այցը Սաուդյան Արաբիա գնահատվեց իբրև պատմական աննախադեպ իրադարձություն՝ հաշվի առնելով երկկողմ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը և այն փաստը, որ դա նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին բարձր մակարդակի այցելությունն էր Հայաստանի Հանրապետությունից այդ երկիր:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---