Արցախի նախագահ․ Առաջնագիծն ամրացվել է, զենքի ձեռքբերման հնարավորությունները կընդլայնվեն

Արցախի նախագահ․ Առաջնագիծն ամրացվել է, զենքի ձեռքբերման հնարավորությունները կընդլայնվեն

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում փխրուն հրադադարի հաստատման մեկամյակին, հակիրճ նշել է, թե ինչ է արվում ԱՀ պաշտպանության բանակի և խաղաղապահների միջոցով ապահովվող հրադադարի ռեժիմն ամրապնդելու և անվտանգային մյուս խնդիրները լուծելու համար։

Նա նշել է, որ առաջնագիծն ամրացվել է, նախատեսվում է ընդլայնել զենք գնելու հնարավորությունը։

«1․ Զենքի մասին օրենքում կատարվող փոփոխությունները կընդլայնեն զենքի ձեռքբերման հնարավորությունները։

2. Թեև առ այսօր շոշափելի աշխատանք է տարվել շփման գծին հարակից բնակավայրերում մշտական զինված հսկողություն ապահովելու առումով, սակայն այսուհետ իրավապահ մարմինների կազմում գործող համապատասխան ստորաբաժանումներն էլ ավելի մեծ մասնակցություն կունենան շփման գծին մոտ տարածքներում կատարվող աշխատանքների, բնակավայրերի ու ճանապարհների անվտանգության ապահովման գործում։ Այդ առումով խնդրում եմ բոլոր քաղաքացիներին ու կազմակերպություններին նշված տարածքներում աշխատանքներ իրականացնելու դեպքում դիմել ԱՀ ազգային անվտանգության ծառայություն։

3. Իհարկե, այս մեկ տարվա ընթացքում նաև զգալի աշխատանք է տարվել առաջնագծի ամրացման ու ՊԲ գործառույթների պատշաճ իրականացումն ապահովելու ուղղությամբ:

4. ՌԴ խաղաղապահների հետ նույնպես վարում ենք ամենօրյա համագործակցություն բազմաբնույթ անվտանգային ռիսկերի կանխարգելման ու խնդիրների վերացման ուղղությամբ:

Գլխավորապես չերևացող տարբեր ջանքերի միջոցով հնարավորինս անելու ենք, որ մեր բնակչության անվտանգության մակարդակը շարունակաբար բարձրանա՝ օգտագործելով և՛ սեփական անվտանգային կարողությունները, և՛ ՌԴ խաղաղապահ զորակազմի տրամադրած ռազմաքաղաքական երաշխիքները»,-ասվում է գրառման մեջ։ Արայիկ Հարությունյանը գործադրվող ջանքերի համար մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմին, հրամանատարությանը և անձամբ Ռուսասատանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:

Նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---