Տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառության մասին Silicon Mountains գագաթնաժողովը` Երևանում

Տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառության մասին Silicon Mountains գագաթնաժողովը` Երևանում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-ին Մատենադարանում կկայանա Silicon Mountains 2021 տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովը, որը նվիրված է տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը (Digital Smart Economy)։

Արդեն երկրորդ անգամ միջոցառման կազմակերպիչն է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը։ Գագաթնաժողովի շրջանակում կքննարկվեն խելացի լուծումների կիրառման և տնտեսության թվայնացման հեռանկարները։

Գագաթնաժողովի հատուկ հյուրն է լինելու «Սինոփսիս» վերազգային ընկերության նախագահ դր․ Չի-Ֆուն Չանը (Chi-Foon Chan), ով ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020-ի (GIT Award 2020) մրցանակակիրն է։

Այս մասին հայտարարվել է Մատենադարանի նիստերի դահլիճում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, որին մասնակցում էին «Յունիքոմփ» ՓԲԸ գլխավոր տնօրեն և ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամ, Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը և Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Գագաթնաժողովի գլխավոր հովանավորը «Յունիքոմփ» ընկերությունն է, իսկ աջակիցներն են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն ու Ակբա բանկը:

«Silicon Mountains-ը Սիլիկոնյան հովտին մեր համարժեք պատասխանն է՝ դեռ միայն գագաթնաժողովի տեսքով: Այն խոսում է մեր դիրքավորման մասին, թե որտեղ ենք ցանկանում լինել գլոբալ տեխնոլոգիական քարտեզի վրա՝ ցույց տալով մեր երկիրը որպես բարդ ինժեներական լուծումներ առաջարկող և արտահանող երկիր: Հայաստանի ամենակարևոր խնդիրներից է գնալ թվային լուծումները ակտիվ կիրառելու և արտահանելու ուղղությամբ: Մենք աշխարհում կարող ենք մրցակցային լինել միայն որակյալ ինժեներների առկայության պարագայում»,- նշել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:

«Գագաթնաժողովն իրենից ներկայացնելու է բիզնեսի գլխավոր դեմքերի հանդիպում և բաց քննարկում: Ընկերությունների ղեկավարները կներկայացնեն իրենց փորձը, ծրագրերը՝ դառնալով օրինակ այլ բիզնեսների համար: Այսօր կան ոլորտներ, որոնք քիչ կապ ունեն ժամանակակից տեխնոլոգիաների հետ և չունեն զարգացման համար անհրաժեշտ ամբողջ ինֆորմացիան: Հարկավոր է հնարավորինս արագ փոխանցել այդ տեղեկատվությունը, որպեսզի բիզնեսները մրցունակ մնան միջազգային շուկայում», - ընդգծել է «Յունիքոմփ» ՓԲԸ գլխավոր տնօրեն և ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը:

«Այս գագաթնաժողովը հստակ թիրախ ունի՝ տնտեսության տարբեր ճյուղերում տեղեկատվական տեխնոլոգիաները որպես գործիք օգտագործելու գործոնը, ինչը Հայաստանում, ցավոք, այնքան էլ բարվոք վիճակում չէ: Կարծում ենք, որ տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող մեր գործարարները պետք է նմանատիպ միջոցառումների մասնակցեն, որպեսզի ընդհանուր տնտեսության թվայնացման վերաբերյալ ունենան պատկերացումներ, ինչպես նաև համագործակցության եզրեր գտնեն միմյանց հետ»,- նշել է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը` հավելելով, որ դեռ խորհրդային տարիներին Հայաստանը յուրահատուկ Սիլիկոնյան հովիտ էր և այժմ հարկավոր է վերականգնել այդ ավանդույթը՝ տեխնոլոգիական զարգացման միջոցով:

«Մենք պետք է մտածենք մեր երկրի թվային ապագայի, թվային տնտեսություն ունենալու մասին: Պետք է հասկանալ, թե թվային տնտեսություն ունենալու ճանապարհին ինչպես պետք է զարգանա գործարար աշխարհը: Պետք է սկսել մտածել նոր պրոդուկտների և ծառայությունների ստեղծման և արտահանման մասին»,- նշել է Հակոբ Անդրեասյանը:

«ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխությունը կհամընկնի Silicon Mountains գագաթնաժողովի հետ: ՏՀՏ ոլորտը որակապես նոր մակարդակի բարձրացրած բացառիկ անհատականություններից ու մերօրյա կենդանի լեգենդներից մեկը, ով հյուրընկալվելու է մեր երկրում, իր ներկայությամբ մեծապես կխթանի երիտասարդության ուշադրությունը գագաթնաժողովի հանդեպ, որտեղ պետությունը, ոլորտի ընկերություններն ու մասնագետները կքննարկեն Հայաստանի թվային օրակարգին ու ապագային առնչվող հարցեր: Մենք բոլորս համատեղ մեծ անելիք ունենք. պետք է խրախուսենք նորարար մտածելակերպը, պետք է ամրապնդենք երիտասարդների հավատը սեփական ուժերի ու կարողությունների հանդեպ: Այսօր առավել, քան երբևէ, մեզ անհրաժեշտ է ներդնել օր ու գիշեր աշխատելու, սեփական, այլ ոչ թե՝ ուրիշի տրորած արահետով քայլելու արտադրողականության մշակույթն ու արժեհամակարգը»,- ասել է Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---