ԱԽ․ ՀՀ ներխուժած ադրբեջանական զորքը դուրս է եկել, ՀՀ ԶՈւ-ն 4 դիրք է լքել Սյունիքում

ԱԽ․ ՀՀ ներխուժած ադրբեջանական զորքը դուրս է եկել, ՀՀ ԶՈւ-ն 4 դիրք է լքել Սյունիքում

PanARMENIAN.Net - Անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, թե նոյեմբերի 14-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք:

Նշվում է նաև, որ ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ 4 մարտական դիրք հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքից: Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռևս մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ:

«Լուրերը, թե ՀՀ ԶՈւ վերադաս հրամանատարության կամ քաղաքական իշխանության կողմից դիմադրություն ցույց չտալու հրաման է արձակվել՝ իրականությանը չեն համապատասխանում: ՀՀ Անվտանգության խորհուրդը համապատասխան մարմիններին հանձնարարել է իրականացնել միջադեպի պատշաճ քննություն:

Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի զինված ուժերի շարունակական ագրեսիվ գործողությունների վրա և ընդգծում, որ այդ գործողություններն ուղղված են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և տարածաշրջանային անվտանգության ու կայունության դեմ, ինչպես նաև հակասում են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին:

ՀՀ Անվտանգության խորհուրդը արտահայտում է իշխանությունների և ժողովրդի վճռականությունը հայրենիքի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը պաշտպանելու գործում:

Անդրադառնալով Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներին, հարկ ենք համարում ընդգծել, որ դրանք դեռևս ԽՍՀՄ տարիների՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին վերաբերվող ուղղակի իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի համաձայն ՀՀ տարածքում չեն գտնվում: Կառավարությունը միջոցներ է ձեռնարկել Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհների նոր ցանցի ստեղծման ուղղությամբ և այդ աշխատանքներն առաջիկայում ավարտին կհասցվեն: Հարկ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության որևէ բնակավայր կենսապահովման ճանապարհից զրկված չէ»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ Անվտանգության խորհուրդը շարունակում է ընդգծել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, այն է՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագծից զորքերի հայելային ետքաշում և միջազգային հովանու ներքո սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկ:

«Նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը կոչ ենք անում ակտիվացնել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման ուղղությամբ»,-ասվում է հայտարարության մեջ:

Պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 14-ին հայտարարել էր, որ սոցիալական ցանցերում նոյեմբերի 14-ին տարածվող տեղեկությունները, թե հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ սահմանային հատվածում «հայկական տարածք ադրբեջանական ԶՈւ զրահատեխնիկա է մտել, չեն համապատասխանում իրականությանը»։

Այնուհետև հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այդ պաշտոնում նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---