ՀՀ-ն՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ

ՀՀ-ն՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին Փարիզում ընթացող ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն առաջին անգամ ընտրվել է կազմակերպության Գործադիր խորհրդի (ԳԽ) անդամ՝ 2021-2025թթ․ ժամանակահատվածի համար։

Արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբին Գործադիր խորհրդի ընտրություններում հատկացված երեք թափուր տեղի համար ներկայացված էր 4 երկրի՝ Հայաստանի, Լիտվայի, Ուկրաինայի և Ադրբեջանի թեկնածությունները:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Հայաստանը, ստանալով առավելագույն 146 ձայն, առաջին տեղով ընտրվել է Գործադիր խորհրդի կազմում։

Հայաստանը ՅՈւՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ է ընտրվել առաջին անգամ` 1992-ից ՅՈւՆԵՍԿՕ-ին իր անդամակցությունից ի վեր։ ԳԽ-ին իր անդամակցության շրջանակում Հայաստանը ջանքեր է գործադրելու իր հանձնառություններն և առաջնահերթություններն իրականացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ աջակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերի իրագործմանը, բոլորի համար որակյալ կրթության հասանելիության ապահովմանն ու մշակութային ժառանգության պաշտպանությանն ու պահպանմանը։

ՅՈւՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհուրդը բաղկացած է 58 անդամ երկրներից և իր նշանակությամբ կազմակերպության երկրորդ կարևորագույն մարմինն է Գլխավոր համաժողովից հետո։ Գործադիր խորհրդի նիստերը գումարվում են տարին երկու անգամ և վերջինիս հիմնական գործառույթն է Գլխավոր համաժողովի կողմից ընդունված որոշումների պատշաճ իրականացման ապահովումը։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---