Քոչարյան․ ՌԴ առաջարկը զրոյական կետից սահմանազատման մասին է

Քոչարյան․ ՌԴ առաջարկը զրոյական կետից սահմանազատման մասին է

PanARMENIAN.Net - ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ անդամ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջարկը զրոյական կետից հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ է։

Նոյեմբերի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ ՊՆ-ն դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել 3 առաջարկությունով, որոնք ընդունելի են հայկական կողմի համար։

«Ես որոշ չափով տեղեկացված եմ այդ ամենից և կարող եմ ասել, որ խոսքը զրոյական կետից սկսելու մասին է։ ՀՀ-ն տվել է իր համաձայնությունը դրանց մասնակցելու համար»,- ասել է Քոչարյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էլ հավելել է, որ Ռուսաստանին գրավոր ծանուցվել է, որ Հայաստանը կողմ է առաջարկին։

Նրա խոսքով` այն պահին, երբ որոշակի տեխնիկական հարցերի վերաբերյալ համաձայնություն ձեռք կբերվի, ՀՀ–ն կսկսի հանձնաժողովի ձևավորման աշխատանքը և հետո կանցնի բուն աշխատանքներին։

Հարցին` ինչո՞ւ հանրությանը մանրամասներին տեղյակ չեն պահում, թե ինչ է իրենից ենթադրում սահմանազատման առաջարկը` ՔՊ–ական Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ այս պահին կարևոր է, որ սահմանազատման հարցով քննարկումները չխոչընդոտվեն։

«Մանավանդ մենք ունենք դեպքեր, երբ փաստաթղթերի արտահոսքեր են տեղի ունեցել` նման բաները գործընթացների վրա բացասական ազդեցություն են ունենում, և ՀՀ շահը չեն պաշտպանում»,–ասել է նա։

Անդրանիկ Քոչարյանն էլ հավելել է, որ այս դեպքում գաղտնիությունը խիստ անհրաժեշտ է, քանի որ այն առնչվում է նաև սահմանին ուժերի դասավորությանը։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---