2020-ին կառավարության շենքում անկարգությունների գործով նախաքննությունը ևս 3 անձի մասով ավարտվել է

2020-ին կառավարության շենքում անկարգությունների գործով նախաքննությունը ևս  3 անձի մասով ավարտվել է

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվող՝ 2020-ի նոյեմբերի 10-ին կառավարության, ԱԺ շենքերում անկարգությունների գործով նախաքննությունը ևս 3 անձի մասով ավարտվել է։

Նրանց նկատմամբ գործն անջատվել է առանձին վարույթում և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել Է դատախազին՝ գործը, ըստ էության, քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ, տեղեկացնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:

Բազմադրվագ քրեական գործով քրեական հետապնդումներ են հարուցվել զանգվածային անկարգության 53 մասնակցի կամ կազմակերպչի նկատմամբ, որոնցից 27 անձի նկատմամբ անջատվել և մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 9 քրեական գործ:

Ընդ որում՝ դատարան ուղարկված քրեական գործերի դատաքննության արդյունքներով 7 անձանց վերաբերյալ արդեն իսկ կայացվել են մեղադրական դատավճիռներ, որոնք դատապարտվել են ազատազրկման ձևով պատժատեսակների, իսկ մնացած անձանց մասով դատական քննությունն ընթացքի մեջ է:

Պարզաբանվել են 550-ից ավելի անձանց ինքնությունները, ինչպես նաև ճշտվել են զանգվածային անկարգության այլ մասնակիցների տվյալները, որոնց հայտնաբերման ուղղությամբ իրականացվում են ակտիվ որոնողական աշխատանքներ:

Քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների, ունեցած դերակատարության, կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:

2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ հայտնի դարձավ, որ արցախա-ադրբեջանական պատերազմի 44-րդ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրվել է եռակողմ հայտարարություն, որով դադարեցվում են ռազմական գործողությունները և զգալի տարածքներ են անցնում Ադրբեջանի հսկողության տակ, մի խումբ անձինք, ներխուժելով ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքեր և ՀՀ վարչապետի կեցավայր, զանգվածային անկարգություններ հրահրեցին: Այդ օրը նաև ծեծի էին ենթարկել ՀՀ Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ Արարատ Միրզոյանին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---